Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ոսկեգույն ճառագայթները թափվելով վրանի մեջ, լցրել էին նրան խիստ ախորժ և փափուկ ջերմությունով։ Մայրը տխրությամբ նայում էր երեխայի երեսին և նրա սևորակ աչքերը լցվում էին արտասուքով։ Երեխան երբեմն թողնում էր բերանից ծիծը, նայում էր մոր երեսին և ժպտում էր, կարծես այդ անմեղ ժպիտով կամենում էր ասել, թե դեռ չեմ կշտացել։ Մոր գլուխը, չալմայի նման, փաթաթած էր մետաքսյա սև քողով, որի տակից մազեր ամենևին չէին երևում։ Այդ կինը Սյուրին էր, Տաթևի Դավիթ ուրացողի աղջիկը։ Նրա առաջվա անունը Մարիամ էր, բայց երբ մահմեդականություն ընդունել տվեցին, կոչեցին Սյուրի։ Խանը ուներ այդ անունով մի ուրիշ կին, որին շատ էր սիրում, վաղահաս մահը զրկեց նրան այդ կնոջից, և նրա անունը շնորհեց գեղեցիկ Մարիամին։ Հայրը ծախեց Մարիամին Տաթևի մելիքությունը ստանալու համար, և թողնելով քրիստոնեական կրոնը, ինքը նույնպես ընդունեց մահմեդականություն. այդ պատճառով հայերից ստացավ «ուրացող» անունը և Տաթևի համար դարձավ մի երկրորդ Վասակ, իսկ ինքը իրան թուրքի անունով Բաղր էր կոչում։

Սյուրիի տխրությունը նրա համար չէր, որ այն գիշեր իր նախանձորդների ոխակալ ձեռքը զրկել էր նրան իր հարուստ և սև սաթի նման փայլուն գիսակներից։ Նա այդ մասին չէր մտածում և ի՞նչ հարկ կար մտածելու։ Նրա գեղեցկությունից պակասեց մի զարդ։ Ավելի լավ, այդ մեծ կորուստ չէր Սյուրիի համար։ Այդ կորուստ համարում են այն կնիկները, որոնք ախորժակ ունեն սիրվելու։ Բայց ումի՞ց պետք է սիրվեր Սյուրին։ Մի գազանի՞ց, մի եղեռնագործի՞ց, որին նա ամեն սրտով ատում էր, որի սերը ավելի բարկացնում էր նրան, որի ձեռքում գերի էր նա։ Նա զոհ էր, մի անբախտ զոհ հոր փառասիրության։ Հայրը վաճառեց նրան Տաթևի մելիքությունը ստանալու համար, և ծնողական այդ անգթության հետ չէր կարող հաշտվել նա։ Ամեն անգամ հայ քահանայի երեսը տեսնելիս, ամեն անգամ հայոց եկեղեցու զանգակի ձայնը լսելիս, նրա սրտում կրակ էր լցվում․ նրա աչքերը հեղեղվում էին արտասուքով, և նա մտածում էր, որ կորած է թե՛ հոգով և թե՛ մարմնով։ Այս աշխարհը սև էր նրա համար, իսկ այն աշխարհում սպասում էր նույնպես տանջանք։ Կրոնական զգացմունքը ջերմ էր նրա մեջ։ Իր մորից լսել էր նա շատ բաներ մահմեդականների մասին։ Մահմեդականի հացը ուտելը, մահմեդականի հագուստը հագնելը, մահմեդականին դիպչելն անգամ մեղք էր համարում նա, իսկ այժմ․․․ այժմ սարսափում էր նա, երբ նայում էր իր սիրելի զավակի