Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զավակի վրա. այդ իր մարմինը և արյունը կրող մանուկը մահմեդականի պտուղ էր... Քանիցս անգամ նա պատրաստվեցավ խեղդել իրան, քանիցս անգամ կամեցավ թունավորել իրան, բայց ամեն անգամ, երբ նայում էր այդ մանուկի վրա, նրա ձեռքերը թուլանում էին, նա անզոր էր լինում կատարել իր մտադրությունը։ Ի՞նչն էր պահում նրան. մեղքի ծնո՞ւնդը, թե՞ մայրական սերը.— այդ մասին նա անկարող էր իրան հաշիվ տալ։

Խորին տխրությամբ նայում էր նա այս առավոտ փոքրիկ հրապարակի վրա, որ շրջապատած էր սպիտակ չադրներով։ Այնտեղ ման էին գալիս խանի կիսամերկ կանայքը, երեխաները արջի քոթոթների նման վխտում էին, աղախինները գլուխը կորցրած այս կողմ և այն կողմն էին վազում, ամեն ինչ գտնվում էր մի անսովոր շարժողության մեջ։ Ի՞նչ էր պատահել. ո՞ւմ համար էր այդ մեծ պատրաստությունը։ Կասկարայի վրա հացի թխելը դեռ չէին վերջացրած. կաթսաների մեջ կերակուրները դեռ եփվում էին. շարժական երկանաքարը անդադար ալյուր էր աղում, օդը լցված էր այդ մեծ խոհանոցի ախորժ հոտով։ Արեգակը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, վաղորդյան մառախուղը բոլորովին փարատված էր. մանիշակագույն երկնքի վրա ամպի մի փոքրիկ կտոր անգամ չէր երևում։ Անտառապատ լեռները ծփում էին արեգակի ճառագայթների մեջ, ներկայացնելով մի սքանչելի տեսարան։ Սյուրիի երեխան, առանց մոր ծիծը թողնելու բերանից, աչքերը փակեց և ննջեց. նա դեռ իր վարդագույն շրթունքները շարժում էր, երևակայելով, թե ծծում է։ Մայրը զգուշությամբ ցած դրեց նրան բարձի վրա, սկսեց պատրաստել լանդիկը, որ կապած էր վրանի երկու սյուների մեջ։ Այդ միջոցին, իր շուրջը նայելով, ներս մտավ մի մարդ, որը, ինչպես երևում էր, զգուշանում էր, որ իրան չնկատեին։ Դա մի կլորիկ մարդ էր, փոքրիկ հասակով, գլխի ալևորած մազերը ցույց էին տալիս, որ նրա տարիքը վաղուց արդեն անցել էր հիսունից, բայց երեսի վրա մազերի մի նշույլ անգամ չկար։ Մի այսպիսի թառամած, կնճռոտած, և զուրկ այրական բոլոր արտահայտությունից դեմք կարող էին ունենալ պառավ կնիկները միայն։ Երեսի լերկ կաշին դեղին պղնձի գույն ուներ մուգի հետ խառնված, իսկ աչքերում ամենևին փայլ չկար։ Նրա ձայնը երեխայի անզարգացած ձայնի կատարյալ նմանությունը ուներ, որը, կարծես, դուրս էր գալիս փորից։ Այդ ծերունի երեխան խորին հարգանքով մոտեցավ տիկնոջը և չոքելով նրա առջև, ասաց․

— Մի խնդիրք ունեմ։