Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստիպեցնե իր տիկնոջը անմիջապես կոչել տալ Սառային որպես բժիշկ: Պատմեց Փարիշանի միայնակ գալը Սառայի տունը և նրան իր հետ տանելը խանի ամրոցը:

— Դուք այստե՞ղ էիք, երբ Փարիշանը եկավ,— կտրեց իշխանը Խորեն հայր սուրբի պատմությունը:

— Այստեղ էի. ես որոշեցի թե Սառայի և թե Փարիշանի դերերը, թե յուրաքանչյուրը ինչպես պիտի գործե:

— Ինչպե՞ս պիտի գործեն,— հարցրեց իշխանը:

— Փարիշանը կկատարե այն, ինչ որ մենք մեր մեջ վճռեցինք... Իսկ Սառան կբերե ինձ զենքի պահեստի բանալիները:

— Նրանք գիտե՞ն մեր պայմանները։

— Գիտեն: Գործողությունները կկատարվեն ճիշտ այն րոպեում, երբ կտեսնեն բերդից օդի մեջ բարձացրած ֆշանքը:

— Շատ գեղեցիկ,— ասաց իշխանը և միևնույն ժամանակ նրա սառն դեմքի վրա երևաց մի տեսակ ինքնաբավական ցնծություն։ —Մենք էլ այսպես իմացում տվեցինք Բեկին, —ասաց նա, վեր կենալով տեղից:

— Ի՞նչ միջոցով,— հարցրեց հայր սուրբը զարմանալով:

— Տեր Ավետիքը տոմսակ գրեց։

— Տոմսա՞կ, ո՞վ տարավ։

— Մի երիտասարդ, ականի միջով։

— Ականը արդեն պատրա՞ստ է։

— Պատրաստ է։ Ավելի քան հիսուն հոգի աշխատում էին նրա վրա։

Իշխանը ավելի պինդ կերպով փաթաթվելով իր վերարկուի մեջ, ահագին մորթե գտակը քարշեց աչքերի վրա, և իր քայլերը ուղղեց դեպի բակի դուռը։

— Մենք այլևս չե՞նք տեսնվի,— հարցրեց հայր սուրբը նրան ճանապարհ դնելու ժամանակ։

— Տեսնվելու հարկ չկա,— պատասխանեց նա շտապելով.— մեզանից ամեն մեկը գիտե, թե ինչ պիտի անե։ Ես այժմ գնում եմ տեր Ավետիքի մոտ` հաղորդելու նրան ձեզանից ստացած տեղեկությունները, իսկ դուք կսպասեք այստեղ մինչև Սառայի վերադարձը։

— Տեր Ավետիքը այժմ ո՞րտեղ է։

— Յուզբաշի Սարգսի տանը. այնտեղ մարդիկ է պատրաստում...

Յուզբաշի Սարգիսը բերդի մեջ բնակվող հայերի տանուտերն էր։