Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են մի-մի ահագին չինարիներ և հովանավորում են ամբողջ բակը: Այդ բակի միջից մի նեղ դուռ տանում է դեպի զենքերի պահեստի ամբարանոցը, իսկ մի մեծ դուռ տանում է դեպի խանի դիվանատան ընդարձակ բակը:

— Ի՞նչ ես կարծում, ես չէ՞ի մոլորվի այդ լաբիրինթոսի մեջ։

— Ես քեզ հետ կլինեմ, ինձ բոլոր ծակուծուկերը հայտնի են, ես քեզ միայնակ չեմ թողնի։

Փոխանակ պատասխանի, երիտասարդը մյուս անգամ գրկեց իր հերոսուհուն և սեղմեց իր կուրծքի վրա։

— Դու երբեք ինձ այդքան քաղցր չես եղել, որպես այս գիշեր, նազելիս,— ասաց նա խորին հոգեզմայլության մեջ: — Հիմա պատրաստվենք գնալու։

— Ես շատ չեմ ուշացնի քեզ,— պատասխանեց տիկինը, նրա գրկից դուրս պրծնելով.— ինձ հարկավոր է միայն փոխել հագուստս։

Նա վազեց իր սենյակը և մի քանի րոպեից հետո վերադարձավ տղամարդի հագուստով։

— Պետք է մարդու հագուստը սազ գա իր գործին, այդպես չէ՞, սիրելիս,— ասաց նա ծիծաղելով։— Հիմա գնանք։

— Սպասի՛ր,— ասաց աբեղան նրան կանգնեցնելով.— ես մոռացա քեզ հարցնել, թե ինչպե՞ս հաջողվեցավ քեզ ձեռք բերել այդ բանալիները։

— Դա մի ամբողջ պատմություն է, լավ է, որ չհարցնեք,— պատասխանեց Սառան հրաժարվելով։

— Ինչո՞ւ։

— Կարելի է Փարիշանը բարկանա, եթե քեզ պատմելու լինեմ:

— Երևի, մի գաղտնիք կա. բայց դու գիտես, որ մենք հոգևորականներս իրավունք ունենք ամեն մարդու գաղտնիքները գիտենալու,— ասաց երիտասարդը ծիծաղելով։ — Փարիշանը չի բարկանա, պատմի՛ր, սիրելիս։

— Փարիշանը գողացել է այդ բանալները ամրոցի «ղափուչի-բաշիից» (դռնապանների գլխավորից),— ասաց Սառան, երկար մտածելուց հետո։

— Ինչպե՞ս։

— Հենց այդ ինչպեսի մեջն է բոլոր գաղտնիքը, լսի՛ր.— դռնապանների գլխավորը մի ծերունի է, այն ծերունիներից մեկը, որ մազերը սպիտակելուց և ատամները թափվելուց հետո նորից սկսում է սիրել։ Նա մի առանձին ախտ ունի սիրահարվել միայն