Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



— Գիտեմ ինչ պիտի ասես, Ահմեդ,— պատասխանեց տիկինը երեսը շուռ տալով,— լավ է, որ չխոսես։

Ծերուհին ձեռքը մեկնեց և վեր առեց տիկնոջ հողաթափների մի հատը, որ դրած էր վրանի մուտքի մոտ, և սեղմելով իր ցամաքած շրթունքի վրա, ասաց․

— Ես ձեր ոտքը համբուրում եմ, լսեցեք ծերուկ Ահմեդի աղաչանքին։

— Երկար խոսել պետք չէ, Ահմեդ, ես երդվել եմ երբեք չտեսնել նրա երեսը։

Ծերունին փորձ փորձեց նորից կրկնել իր խնդիրքը, բայց տիկինը հրամայեց նրան հեռանալ, հայտնելով, թե իր հիմարություններով կարող է զարթեցնել երեխային, որին պատրաստվում էր կապել օրորոցի մեջ։

Ահմեդը ազգով հայ էր, ղարաբաղցի, տեղային ամենալավ թառ ածողներից մեկը։ Նրան երիտասարդության ժամանակ բերել տվեց խանը և պահում էր իր սազանդարների (նվագախումբի) մեջ, որոնց իր մոտից չէր հեռացնում։ Եվ որպեսզի Ահմեդը կարողանա հարեմի մեջ ևս մուտք գործել, խանումների համար ևս ածել, խանը հրամայեց նրան ներքինիացնել։ Երկար տարիներ նա զվարճացնում էր խանումներին իր թառով, բայց երբ ծերացավ, թողեց ածելը, այժմ կանանոցի մեջ ներքինապետի պաշտոն էր կատարում։ Բայց մի բան, որ պահեց նա ամենայն սրբությամբ,— դա էր քրիստոնեական հավատը, որ պաշտում էր գաղտնի կերպով։

Զ

Դուրս գալով Սյուրիի վրանից, Ահմեդը դիմեց դեպի մի վրան, որ բավական հեռու էր կանանոցից և գտնվում էր անտառի խորքում։ Այստեղ կային մի քանի ուրիշ վրաններ ևս, որ հատկացրած էին խանի թիկնապահներին և նրա ծառաներին։ Մի մարդ կես ճանապարհի վրա կանգնած, սպասում էր նրան, երբ տեսավ ներքինուն, մոտենալով հարցրեց․

— Ի՞նչ եղավ...

Ահմեդը պատմեց նրան, թե ինքը ամեն հնար գործ դրեց, աղաչեց, պաղատեց, ոտքը համբուրեց, բայց տիկինը ասում է.— չէ՛ ու չէ՛, չեմ ուզում տեսնվել նրա հետ։

— Նա չէ ուզում տեսնվել իր հո՞ր հետ... շատ լավ...— խորին