Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ լավ,— համաձայնվում է Փարիշանը և սկսում է մատը մի առ մի դնել բանալիների վրա, ասելով.— ահա այդ մեծ դռան բանալին է, այդ փոքր դռան բանալին է, այդ միջին դռան բանալին է, այդ դրսի դռան բանալին է, և մյուսներն էլ այդ կարգով:

— Ես տարա, ես տարա,— բացականչում է Ասկար ամին, ուրախությունից վեր-վեր թռչելով։— Ոչ մեկը չկարողացար գիտենալ։

— Ինչպե՞ս չկարողացա, — պատասխանում է Փարիշանը չկոտրվելով.— ապա դու իմ սխալները ցույց տուր, տեսնեմ։

— Այս րոպեիս ցույց կտամ,— ասում է Ասկար ամին և սկսում է մի առ մի ցույց տալ, թե որ բանալին որ դռանն է պատկանում, մինչև հասնում է երկու բանալիի։— Դրանցից մեկը, ասում է, զենքերի պահեստի բանալին է, իսկ մյուսը` նրա բակի դռան բանալին է:

Փարիշանը մտքումը նշանակում է այդ երկու բանալիները, իսկ ծերունին շարունակում է մնացածները ցույց տալ։

— Հիմա տեսա՞ր, որ տարված ես,— ասում է ծերունին դառնալով դեպի Փարիշանը.— հիմա տուր տարած գրազս։

— Ինչ տամ, իհարկե, դու կարող ես գիտենալ, իսկ ես չեմ կարող,— ասում է Փարիշանը, նրան ավելի գռգռելով։ — Քո բանալիներն են, քո ձեռքումն են մաշվել, ես ո՞րտեղից պիտի գիտենամ։

— Դե, լավ է, անաստված, մի տանջիր ինձ,— ասում է Ասկար ամին աղաչելով.— խո տարել եմ, էլ ի՞նչ խոսք ունես։ Թե ուզում ես, այն տասը ոսկին էլ կտամ, որ խոստացա։

— Լավ, տուր,— ասում է Փարիշանը, ոչ թե ոսկիները ստանալու ցանկությունով, այլ որ մի առիթ գտնե նրան սենյակից հեռացնելու, որովհետև գիտեր, որ ոսկիները իր սանդուխանայում[1] պահած ունի։

Ծերունու ընդունարանից մի այլ դուռ բացվում էր դեպի փոքրիկ սանդուխանան. նա մտնում է այնտեղ ոսկիները բերելու համար: Փարիշանը այդ միջոցին, օգուտ քաղելով նրա բացակայությունից, վեր է առնում նշանակած բանալիները և թաքցնում իր գրպանում։ Երբ հայտնվում է ծերունին, ոսկիները բռնած ձեռքում, Փարիշանը ասում է նրան.

  1. Սանդուխանա նշանակում է պահեստի տեղ, ուր առհասարակ պահում են սնդուկներ, թանկագին իրեղեններ: