Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վրա հագցրեց մի քանի ուռուցիկ շալվարներ, որոնք յուփկաների ձև ունեին, և կարծես պատրաստված լինեին երկնքի թափանցիկ ամպերից, որոնց միջով կարելի է նշմարել բնության հրաշալիքը... Շալվարների ստորին եզերքը չորս մատ լայնությամբ զարդարած էին մանր, արծաթյա և ոսկյա փողիկներով։ Ծնկներից ցած, ոտների մնացած մասը բոլորովին մերկ էր մնում, որովհետև շալվարները սքողում էին մինչև ծնկները միայն։

— Ձեր սրունքների վրա պետք է կապել սև հուլուններ, որովհետև սևը սպիտակ մարմնի վրա շատ սազ է գալիս,— ասաց աղախինը, երբ վերջացրեց իր տիկնոջ հագցնելը։

— Իսկ սև սրտի վրա ի՞նչ է սազ գալիս,— հարցրեց տիկինը տխուր ժպիտով։

— Այդ խոշոր մարջաններից շարած, կարմիր մանյակը, — պատասխանեց աղախինը նույնպես ժպտալով։

— Այո՛, ուղիղ այդպես է, երբ մենք ստիպված ենք մեր հոգեկան բոլոր վերքերը, բոլոր ցավերը ծածկել գեղեցիկ, փայլուն կեղևի տակ...

Տիկնոջ աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։

— Մի՛ լաց լինիր, հոգիս,— աղաչում էր նրան աղախինը.— ի՞նչ լաց լինելու ժամանակ է. ձեր աչքերի սուրման բոլորովին կկեղծվի։

Տիկինը սկսեց խուլ կերպով հեկեկալ։ Լինում են րոպեներ, երբ մարդ մի առանձին թեթևություն է զգում, երբ լաց է լինում, բայց ինչո՞ւ համար է լաց լինում,— ինքն իրան հաշիվ տալ չէ կարող։ Բայց տիկինը գիտեր, թե ինչու համար է լաց լինում. նա խիստ խորին պատճառներ ուներ լաց լինելու...

— Բավական է,— դարձյալ աղաչում էր աղախինը.— այդպես չէ կարելի, մի քանի րոպեից հետո կհայտնվի խանը, ինչ կլինի մեր վիճակը, եթե ձեզ այդ դրության մեջ կտեսնե։

Փարիշանը բավական խելացի էր, և, մանավանդ, խիստ նուրբ ճաշակ ուներ։ Հանգստացնելով իր տիկնոջը, նա սկսեց լրացնել նրա մնացած զարդարանքները։ Մարջանի խոշոր հատիկներից կազմված մանյակը, որ մի քանի տակ անցկացրեց նրա պարանոցով, և որի շարքերը իջնում էին նրա կիսամերկ կուրծքի վրա, մի առանձին հրապույր, մի առանձին կախարդիչ գույն տվեցին նրա գեղեցկությանը։ Իսկ սև հուլունների շարքը նրա կլորիկ սրունքների վրա սքանչելի տեսք ունեին: