Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կզլար-աղասին մեռած չէ, նա հարյուր աչքեր ունի,— պատասխանեք ներքինապետը խրոխտալով։ —Իմ տիրոջ շնորհիվ ծիտն էլ չէ կարող նրա կանանոցի վրայից համարձակ թռչել։

Խանի ամրոցի, մանավանդ կանանոցի պահապանները մեծ մասամբ ծերացած մարդիկ էին։ Արևելքցին մի առանձին հարգանք ունի դեպի ծերությունը, և նրան ամենայն հավատարմության արժանի է համարում։ Բայց անապատի արաբը այնքան երկարակյաց է լինում, որքան Նեղոսի կոկորդիլոսը։ Այդ կետից նայելով, «աղջիկների վրա իշխողի» խրոխտալը բոլորվին անտեղի չեր. նա իր ծերության հասակում պահպանել էր թե՛ երիտասարդության ուժը և թե՛ քաջությունը։

Այսպես խոսելով նրանք անցան կանանոցի բակից, մոտեցան Զուբեյիդա խանումի կացարանի դռանը։ Ներքինապետը այստեղ կանգնեց, իսկ խանը առաջ անցավ, մտավ նախասենյակը, ուր տիկինը քաղցր, փաղաքշական խոսքերով ընդունեց նրան և ներս տարավ իր սենյակը։ Խանը նստեց իր համար պատրաստված փառավոր օթոցի վրա։ Նա բարեհաճեց հարցնել տիկնոջ առողջությունը։

— Իմ առողջությունը, իմ կյանքը,— պատասխանեց տիկինը,— կախված է իմ տիրոջ ողորմածությունից. նրա մի քաղցր հայացքը ինձ անմահություն կբաշխե, նրա մի խոսքը կփարատե իմ սրտից աշխարհի բոլոր դառնությունները։ Ես նրանով եմ ապրում։ Եթե մեռած ևս լինեմ, եթե նա ոտք կոխելու լինի իմ գերեզմանի վրա, ես իսկույն հարություն կառնեմ։ Իսկ այսօր որքան բախտավոր եմ ես, որ նա բարեհաճեց ոտք կոխել իմ օթևանի անարժան շեմքի վրա։ Թո՛ղ օրհնյալ լինի աստված, թող օրհնյալ լինեն նրա սուրբերը։

Տիկնոջ փոքրիկ ճառը չափից դուրս գրավեց խանին։ Նա հարեմի իշխանի և կնոջ «տիրոջ» բարձրությունից իջավ ամուսնի աստիճանի վրա։ Նա անկեղծությամբ բռնեց տիկնոջ ձեռքից, և նստացնելով իր մոտ, ասաց.

— Զուբեյիդա, դու այնքան խելացի ես, քո մեջ այնքան հարուստ հոգեկան գանձեր կան, որ չէ կարելի քեզ չսիրել։ Դու այն կենդանի աղբյուրն ես, որ բխում է Սահարայի ընդարձակ անապատի օազիսի մեջ, և դեպի որը խորին փափագով վազում է հոգնած, նվաղած ուղևորը իր ծարավը հագեցնելու համար։ Դու այն բարերար արմավենին ես, որ հագեցնում է Յամենի ավազուտներում թափառող, սովատանջ ճանապարհորդի քաղցը։ Ես այդ