Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մթին նախասենյակը, նա կծկվեցավ դռան ետևում, սկսեց ականջ դնել:

— Ես ասացի, թե դու միշտ մենակ ես եղել,— շարունակեց տիկինը ընդհատված խոսակցությունը։— Որովհետև բռնակալը իր երկրպագուների, իր պաշտողների, իր շողոքորթների անհուն բազմության մեջ դարձյալ միշտ մնում է մենակ։ Նա ընկեր, բարեկամ, սրտակից, մտերիմ,— ոչ ոք չունի։ Նա չէ զգում իր թշվառ միայնակությունը, որովհետև իշխանության փառքը սև մառախուղի նման ծածկում է նրա աչքերից այն, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ ուղիղ է, ինչ որ ավելի օգտավետ է։ Նա ապրում է հարատև խաբեության մեջ և չէ նկատում, որ ամեն ինչ իր չորս կողմում կեղծ է, պատիր է, փտած է։ Նա չէ զգում իր ոչնչությունը, որովհետև երբ հրամայում է,— ամեն ինչ կատարված է, և այդ պահում է նրան մշտական մոլորության մեջ։ Կենդանի միտքը, առողջ դատողությունը անծանոթ է մնում նրան, նրա համար, որ ամեն մի իրավացի ընդդիմադրություն, ամեն մի խելացի հակաճառություն խորտակվում է նրա կոպիտ կամքի առջև։ Նա միշտ այն կարծիքի մեջ է մնում, թե ինչ որ ցանկանում է ինքը, թե ինչ որ հաճո է իրան,— այն է լավը, արժանը, վայելուչը։ Եվ եթե բախտի հաջողությունները այսպիսիներին փոքր-ինչ շողոքորթում են, այն ժամանակ նրանք ավելի վայրենի են դառնում։ Նրանք կարծում են, թե ամեն ինչ ստեղծված է միմիայն իրանց վայելչության համար, և ինչ որ իրանց հաճելի չէ, և ինչ որ չէ ծառայում իրանց, կարող են ոչնչացնել: Նրանք իրանց միշտ անկարող են զգում, որովհետև միշտ սովորած են տեսնել իրանց շուրջը մի կեղծ պատրաստակամություն։ Բայց խոնարհության մեջ անկեղծություն չկա, թեև ամեն ինչ խոնարհվում է նրանց առջև, որովհետև վերևից ճնշում կա։— Բայց երբ բարձրանում է մի փոթորիկ, երբ հասնում է վտանգը, երբ զարկում է սոսկալի տագնապի րոպեն, այն ժամանակ շողոքորթների, երկրպագուների, կեղծ բարեկամների անհուն բազմությունը սև ուրվականների նման չքանում են, անհետանում են և մեկն էլ չէ մնում, որ բռնե իր պաշտած մարդու ձեռքից։ Այդ բավական չէ.— նրանք դառնում են ամենասարսափելի թշնամիներ...

— Բոլորը ճշմարիտ է...— ասաց խանը, հոգվոց հանելով։ — Ես երբեք բարեկամ չեմ ունեցել, ես միշտ մենակ եմ եղել, թեև շրջապատված անթիվ կեղծավորներով։ Բայց ինձ թող մխիթարե իմ տունը, իմ ընտանիքը, որ ինձ համար օտար չէ, որ ամենից մոտ է ինձ: