Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմ: Բայց կնոջ խոսքերը ավելի ուժգին, ավելի խորտակիչ կերպով ազդում էին նրա սրտի վրա, քան թշնամու սարսափելի գնդակները բերդի հաստահիմն պարիսպների վրա։ Ընտանեկան կռիվը ավելի սոսկալի էր, քան արտաքին պատերազմը։ Կինը բողոքում էր բռնության դեմ։

— Ուրեմն ես ոչ մի տեղ մխիթարություն գտնել կարող չե՞մ, ուրեմն իմ ընտանիքս էլ ինձ հալածո՞ւմ է...— հարցրեց խանը խելագարվածի նման։

— Ոչ ոք մեղավոր չէ,— պատասխանեց տիկինը: — Դու ինքդ ես պատրաստել քեզ համար այդ վիճակը: — Քո տունը, քո օջախն անգամ բողոքում է քո դեմ...

— Իսկ ես այդ բողոքի թարգմանը կլինեմ...—ասաց իր մտքում Փարիշանը և հեռացավ սենյակի դռան ետևից, ուր թաք կացած, լսում էր նրանց խոսակցությունը։

ԻԱ

Փարիշանը հեռանալով տիկնոջ սենյակի դռնից, մտավ իր քնարանը. նա գտավ իր տիկնոջ երեխային հանգիստ քնած. այդ նրան մի առանձին ուրախություն պատճառեց։ Նստեց նրա անկողնի մոտ, սկսեց կարեկցաբար նայել հիվանդի ջերմից շառագունած երեսին։ Այժմ նոր զգաց, որ ինքը սաստիկ հոգնած է։ Այս գիշեր որքան աշխատել էր նա, որքան վազվզել էր, որքան նեղություն էր կրել... Եթե նրա տեղ մի ուրիշը լիներ, իսկույն կհանվեր, կպառկեր և կհանգստանար։ Բայց նա չքնեց, նստած, խորին ուշադրությամբ լսում էր, թե ինչ ձայներ էին գալիս դրսից։ Դրսից այժմ ձայներ չէին լսվում, լսվում էր միայն սաստիկ քամու ձայնը, որ խլացնում էր իր մեջ բոլոր մյուս հնչյունները։

Կես ժամից հետո նա դուրս եկավ իր քնարանից, կրկին մոտեցավ տիկնոջ սենյակի դռանը։ Ականջը տարավ դեպի դռան ճեղքը, ձայն չէր լսվում. նայեց ճեղքից, ճրագի լույս չէր երևում: Այստեղ, երևի, քնած էին։ Նա շուռ եկավ, տեսավ ծերունի Ասադին, նախասենյակի մի անկյունում կծկված։ Ոտքով զարկեց, զարթեցրեց նրան, ասելով.

— Քավթառ, այստեղ ի՞նչ քո քնելու տեղն է. դու խո իմանում ես, որ խանը տիկնոջ մոտ է. կորիր, մի այլ տեղում մրափիր:

Ծերունի ներքինին, չկամենալով «անզգամի» հետ մի