Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինված բազմությունը տեղացի հայերի խումբն էր, որոնց առաջնորդում էր տեր Ավետիքը իր ընկերների հետ։

Նրանք աղաղակելով անցան թուրքերի թաղը, անցան մի քանի ծուռումուռ փողոցներ և հասան ամրոցին։ Հրդեհը այժմ ավելի տարածվել էր. ախոռատնից անցնում էր դեպի կանանոցը, իսկ խոհանոցից` դեպի դիվանատունը։ Բերդաքաղաքի թուրքերի մեծ մասը այստեղ էր։ Կրակը հանգցնելու համար նրանք ոչինչ հնարներ չունեին, միայն աշխատում էին մթերքները դուրս կրել այն շենքերից, որոնց դեռ կրակը չէր հասել։ Ամրոցի պահապանները և ծառաները հսկում էին ավելի գողությունների վրա։ Բայց ընդհանուր խառնակության մեջ «շունը տիրոջը չէր ճանաչում...»։

— Այդ ո՞րտեղն է այրվում,— հարցրեց Փարիշանը մի թուրքից:

— Ամրոցը...— պատասխանեց նա շտապելով, և մի ահագին սնդուկ քարշ տալով դեպի իր տունը։

— Աստված ինքը ողորմություն անե...— պատասխանեց Փարիշանը լալագին ձայնով, և ցույց տալով, որ չէ նկատում ավազակի իր իշխանի պալատից հափշտակած ավարը։

Փարիշանը նկատեց, բազմության նույն խումբը, որ զինված էր բահերով և բրիչներով, փոխանակ դեպի հրդեհը գնալու, մի պտույտ գործեց և լռությամբ անցավ դեպի ամրոցի ետևը, դեպի այն կողմը, ուր կրակը դեռ չէր հասել։ Ինքն էլ գնաց նրանց հետ: Նրանք մտան մի նեղ փողոց, որի մի կողմը ամրոցն էր, իսկ մյուս կողմում խանի ամբարանոցները։ Այդ փողոցը դատարկ էր, այստեղ մարդիկ չկային:

Ամբարանոցների մեջ մթերված էր խանի հարստության մեծ մասը. այնտեղ էր և զենքերի պահեստի տեղը։ Տեր Ավետիքը մոտեցավ ամբարանոցի գլխավոր դռանը, և իր սրի կոթով բախելով դուռը, գոչեց միևնույն եղանակով, որպես քահանան տասն կուսանաց հիշատակը կատարելու գիշերը, եկեղեցում ձեռքի խաչովը բախում էր տաճարի վարագույրը, ասելով.

— «Բաց մեզ, տէր, զդուռն ողորմութեան...

— «Եկայք, օրհնեալք Հօր իմոյ, և վայելեցէք զպատրաստեալն վասն ձեր բարութիւն»,— պատասխանեցին ներսից, և Խորեն հայր սուրբը բաց արեց դռները։

Բազմությունը խումբով ներս թափվեցավ բացված դռնից։ Խորեն հայր սուրբը առաջնորդեց նրանց դեպի զենքերի պահեստի տեղը, Սառան, որ հայր սուրբի հետ առաջուց եկած էր այնտեղ,