Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմում, ինչ-որ խոսում էին։ Սառան տարավ Փարիշանին նրանց մոտ, և ներկայացնելով, ասաց.

— Ահա այն աղջիկը, որ տվեց ինձ այդ մթերանոցի բանալիները, և որը վառեց այդ մեծ կրակը, որ ամբողջ քաղաքը լուսավորում է...

Քահանան և վարդապետը և իշխանը մի առանձին ուրախությամբ նայեցին ախոռատան սպասավորի հագուստով ծպտյալ հերոսուհու վրա։

— Զավակս,— ասաց քահանան, նրա ձեռքից բռնելով և ճակատը համբուրելով.— դու արժանի ես մեր ամենի սիրույն և հարգանքին։ Քո քույրիկները այսուհետև կարող են պարծենալ, որ հայոց աղջիկների մեջ ևս տակավին չէ հանգած հայրենասիրության կրակը։ Ես ճանաչում եմ քո հորը. դու մի որբ աղջիկ ես, բայց այսօրից դու կլինես մեր զորագնդի որդեգրուհին՝ դուստրը։

— Համբուրեցեք ձեր դստերը,— դարձավ նա դեպի Խորեն հայր սուրբը և Շահումյան իշխանը։

Երկուսն էլ համբուրեցին նրա ճակատը։

Ուրախության արտասուքը խեղդեց քաջասիրտ աղջկան։ Նա մի բառ անգամ չէր գտնում իր շնորհակալությունը արտահայտելու։ Արդարև, նա մի թշվառ որբ էր։ Մորից զրկվեցավ նա դեռ իր տասն տարեկան հասակում, իսկ հայրը կսկծից մեռավ, երբ նրան բռնությամբ տարան խանի պալատը։ Այժմ որքան ուրախ էր նա, որ փոխանակ իր կորուսած ծնողների, եղավ որդեգրուհի մի քաջ և հաղթող զորագնդի։

— Շնորհակալ եմ,— ասաց նա,— որ դուք անհայր և անմայր որբին ձեր դուստր եք կոչում, բայց թող ձեր դուստրը համարձակություն ունենա խնդրելու ձեզանից մի ուրիշ բան ևս։

— Խնդրիր,— ասաց նրան տեր Ավետիքը,— ես գիտեմ, որ դու այնքան խելացի ես, որ անկարելի բան չես խնդրի։

— Իհարկե չեմ խնդրի,— պատասխանեց Փարիշանը, այժմ փոքր-ինչ համարձակություն ստանալով։— Իմ խնդիրքս այն է, որ իմ տիկնոջը, որին կոչում են Զուբեյիդա խանում, առնեք ձեր պաշտպանության ներքո, խնայեք նրա կյանքը ընդհանուր կոտորածի ժամանակ։ Նա մի բարի, քրիստոնյա կին է։

— Մենք կկատարենք քո ցանկությունը,— պատասխանեց տեր Ավետիքը։