Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց այդ չէր արգելում նրան միշտ խրած ունենալ մի զույգ ատրճանակ գոտիի մեջ և միշտ կողքից քարշ ընկած ունենալ իր երկայն թուրը, որին երբեք չէր գործ ածում։ Բայց նա սովորություն ուներ միշտ պարծենալով խոսել իր երևակայական քաջագործությունների վրա և հավատացնել, թե ոտքի կաղությունը առաջ էր եկել հրացանի գնդակից, որը դեռ դուրս բերված չէր, թեև մորից կաղ ծնված «չոլախ» Դավիթը բոլոր տաթևացիներին ծանոթ մի անձնավորություն էր։

Տխուր հուսահատության մեջ հասավ նա այն վրանը, որ նշանակված էր նրա համար իջևան։ Այստեղ սպասում էր նրան մի երկրորդ մարդ։ Նա բարձրահասակ, ցամաք կազմվածքով և բավական շնորհալի դեմքով մի ծերունի էր, որի սպիտակ, փառահեղ մորուքը, ներկված լինելով հինայով, ստացել էր ծիրանի գույն։ Նա նույնպես խրած ուներ իր քիրմանի շալի թանկագին գոտիի մեջ մի զույգ ատրճանակ և երկայն թուրը, արծաթե կոթով և արծաթե պատյանով, դրած էր ծնկների վրա։ Նա, ծալապատիկ նստած էր նախշուն գորգի վրա և թիկն էր տված կարմիր մախմուրով պատած փափուկ մութաքաներին, որ բերված էին խանի հանդերձատնից հարգելի հյուրերին պատվելու համար։ Տեսնելով Դավթին, նա անհամբերությամբ հարցրեց.

— Ի՞նչ լուր բերեցիք...

Դավիթը թաքցրեց նրանից, թե Սյուրին, իր աղջիկը, չընդունեց նրան, չկամեցավ տեսնվել հոր հետ։ Այդ անպատվությունը կարող էր պակասեցնել Դավթի կշիռը իր խոսակցի աչքում, կարող էր կոտրել նրա համարումը։ Դավիթը սովորություն ուներ պարծենալ իր աղջկանով և ամենին ցույց տալ, թե նրա միջնորդությամբ ամեն դժվարին գործ իր ձեռքում հնարավոր էր, որովհետև Ֆաթալի-խանի սիրելի խանումը նրա աղջիկն էր, և ամեն բան անել կտար իր ամենակարող ամուսնին։ Սյուրիի հետ չտեսնվելու պատճառը, ասաց նա, տիկնոջ մի փոքր տկարությունն է, որի համար նա ոչ ոքի չէ ընդունում այսօր։ Բացի դրանից, ասաց նա, այս գիշեր պատահել է տիկնոջ հետ մի անախորժ դեպք, և հաղորդից նրա մազերի կտրվելու պատմությունը, ավելացնելով, թե այդ շատ լավ է պատահել, որովհետև դրա համար գուցե կարտաքսվեն խանի հարեմից մի քանի անզգամ կնիկներ, որոնք միշտ նախանձում էին Սյուրիի փառքին։ Գալով դահճից ստացած տեղեկություններին, Դավիթը ասաց, թե դահիճը ոչինչ չէ կարողացեք հաջողացնել․․․ միայն թաքցրեց, որ արգելառիթը եղել է Սյուրին․․․