Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ։

— Չե՞ք լսում:

— Ի՞նչը:

— Թմբուկների ձայնը։

— Լսում եմ: Այդ ի՞նչ ձայն է։

— Բեկի զորքերի թմբուկների ձայնն է։ Թշնամին մտնում է բերդը.

Խանը գունաթափվեցավ:

— Թշնամին մտնում է բե՞րդը... — կրկնեց նա մի այնպիսի ծիծաղով, որ բարկության ժամանակ փոխարինում է արտասուքին։

— Ապա ո՞րտեղ են իմ զորքերը, իմ զորապետները, որ կարգված էին բերդը պահպանելու համար։

— Նրանցից ոմանք փախել են, իսկ ոմանք եկել են այստեղ կրակը հանգցնելու համար: Թշնամին մեր տան մեջ կրակ ձգեց, որ մեզ դրանով զբաղեցնե, իսկ ինքը միջոց գտավ գրավելու մեր բերդը:

— Հիմա ի՞նչ պետք է արած,— հարցրեց խանը հուսահատ կերպով:

— Եթե դուք ինձ թույլ կտաք, ես կդիմեմ հաղթողին և հնազանդություն կհայտնեմ։

— Երբեք։

— Դուք դրանով կազատեք հազարավորների կյանքը սարսափելի կոտորածից:

— Թող բոլորն էլ ինձ հետ կոտորվեն, քան թե խոնարհվեն գավուրի առջև։ Դու չգիտես, վեզիր, մեր կրոնի հանգանակը, մուսուլմանին թույլ տված չէ խոնարհվիլ այլադավանի լծի ներքո. մուսուլմանը կամ պետք է տիրե, կամ պետք է ոչնչանա։

Այդ միջոցին դիվանատան բակը մտավ մի խուռն, զինված բազմություն: Նրանց առաջնորդում էր մոլլաների գլխավորը, մի բաց սուր ձեռքումը բռնած: Նրա առջևից գալիս էին երկու չավուշներ[1], որոնք տանում էին երկու հոգևոր դրոշակներ: Չավուշները քարոզ էին կարդում.

  1. Չավուշ նշ. հոգևոր ջառչի, հրապարակական քարոզներ կարդացող