— Մուսուլմաններ, զեյրաթի[1] օր է: Գավուրները գրավեցին մեր բերդը: Աստված և նրա մարգարեն հրամայում են զենքով ընդդիմանալ թշնամուն։
Այդ խոսքերը վառեցին ամբոխի կատաղությունը և հազարավոր ձայներ կրկնեցին.
— Պատրաստ ենք, պատրաստ ենք։
Խանը մոտեցավ մոլլաների գլխավորին և նրա ձեռքը բռնելով, ասաց.
— Ես էլ պատրաստ եմ։ Աստուծո և նրա մարգարեի հրամանի հետ ավելացնում եմ և իմ հրամանը.— պետք է մինչև մեր արյան վերջին կաթիլը ընդդիմանանք թշնամուն։
Ամբոխի մոլեռանդությանը չափ չկար։ Նրան հրամայում էր աստված իր հոգևոր ներկայացուցչի բերանով, հրամայում էր մարգարեն իր մարմնավոր ներկայացուցչի` երկրի իշխանի բերանով:
Չավուշները, սրբազան դրոշակները առաջ տանելով, դուրս եկան ամրոցից։ Նրանց հետևում էին մոլլաների գլխավորը և խանը, իսկ հետո— ամբոխը։
Երբ դուրս եկան ամրոցի առջևի հրապարակի վրա, խանը դարձավ դեպի մոլլաների գլխավորը այս խոսքերով
— Դուք, հոգևոր տեր, առաջնորդեցեք ամբոխին, իսկ ես կառաջնորդեմ զորքերին։
— Այդպես էլ պետք է,— պատասխանեց մոլլաների գլխավորը։
Նրանք բաժանվեցան:
Մոլլաների գլխավորը ամբոխի հետ սկսեց առաջ գնալ: Չավուշները բարձր ձայնով կրկնում էին միևնույն խոսքերը։ Բազմությունը հետզհետե ստվարանում էր, ամեն մարդ, զենքը առած, միանում էր ամբոխի հետ։
Խանը մնաց հրապարակի վրա։ Երբ բոլորը հեռացան, հրամայեց վեզիրին.
— Թմբուկները ածել տուր, որ զորքը հավաքվի:
Մինչև դրանց զորքի հավաքվելը, մենք անցնենք Բեկի զորքերի մեջ, տեսնենք այնտեղ ինչ էր կատարվում։
Միևնույն րոպեում, երբ երկու չավուշները, բերդի փողոցների մեջ, հոգևոր թափոր կատարելով, կարդում էին աստուծո և նրա մարգարեի հրամանը,— միևնույն րոպեում հայոց բանակների մեջ
- ↑ Ղեյրաթ նշ. նախանձախնդություն