Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Տղերք, գլուխներդ ցած պահեցեք, շատ մի բարձրացրեք,— ասում էր նա.— վերևից հող է թափվում:

Հետո ինքն իրան ասաց.

— Այդ տերտերները այնքան թաղելու սովորած են, ինչ որ փորել տալու լինեն, անպատճառ գերեզմանի նմանություն կունենա։

Նա խարխափելով առաջ էր գնում, և մյուսները հետևում էին նրան, որպես խլուրդներ իրանց ստորերկրյա մթին որջի մեջ։

Երբ դուրս եկան ականից, իշխանը նայեց իր շուրջը, տեսավ` այնտեղ կանգնած էր մարզիկների մի խումբ։

— Օհո՛, էդ էր պակաս,— ասաց նա, կարծելով, թե պարսիկներ են։

— Տղե՛րք, պատրաստվեցեք,— ձայն տվեց նա իր ընկերներին։

— Հանգիստ կացեք, այդ մենք ենք,— խոսեց խումբից մեկը և տեր Ավետիքը առաջ եկավ։

Նա գրկեց իշխանին և համբուրվեցան։

— Ինչպե՞ս է, լա՞վ եմ սարքել,— հարցրեց քահանան։

— Երբ տերտերը զինվոր է դառնում, այն ժամանակ իր փասափուսեն պետք է հավաքե[1] սատանան,— պատասխանեց իշխանը ծիծաղելով։ Հետո իր խոսքերին ավելի լուրջ կերպարանք տալով, ասաց.

— Լավ եք սարքել, բայց դեռ պարծենալու ժամանակ չէ. դու ինձ այն ասա՛, թե գործերը ի՞նչ դրության մեջ են, միայն կարճ կտրիր, երկար լսելու համբերություն չունեմ։

Քահանան սկսեց հաղորդել իր համառոտ զեկուցումը.

— Ամրոցը խո տեսնո՞ւմ եք ինչ դրության մեջ է։

— Այդ ես տեսնում եմ, դու այն ասա, ինչ որ չեմ տեսնում:

— Խանի զենքերի պահեստը գրավված է,— առաջ տարավ քահանան.— տեղացի հայերը զինված են. հայոց փողոցները ամրացրած են պատնեշներով, նրանք կպաշտպանեն իրանց ընտանիքը մահմեդականների վրեժխնդրությունից։

— Խանը ի՞նչ է շինում։

— Խանը պատրաստվել է իր զինվորներով ընդդիմագրել։ Իսկ մոլլաների գլխավորը առաջնորդում է ամբոխին։

  1. Փասափուսեն հավաքելը ժողովրդի լեզվում կնշանակե խույս տալ, գործից հեռանալ