Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Վերջին խոսքը փոքր-ինչ դժվարության մեջ դրեց իշխանին:

— Երբ հոգևորականը բանի մեջ է մտնում, գործը ծանր կերպարանք է ստանում, — ասաց նա:

— Հոգ չէ,— պատասխանեց տեր Ավետիքը.— դուք հոգևորականին թողեցեք, որ հոգևորականը պատասխանե:

— Այսինքն դու:

— Այո՛, ես:

Մինչև զբաղված էին այդ խոսակցություններով, Բայինդուր իշխանի զորքի մնացած մասն էլ դուրս եկավ ականի միջով։

— Հիմա գիտե՞ք ինչ պետք է անել, տեր հայր,— ասաց իշխանը.— այդ ծակը խիստ նեղ է. մինչև Մելիք-Փարսադանի և Ավթանդիլի զինվորները դրա միջով անցկենալու լինեն, բավական ժամանակ կկորչի։ Պետք է քանդել տալ պարիսպը։

— Մեծ դժվարություն չունի, ես այս րոպեիս կհրամայեմ, որ քանդեն,— պատասխանեց քահանան:— Գործիքներ այստեղ կան. ականափորների բահերը, բրիչները դեռ այստեղ են մնացել:

Զինվորները վրա վազեցին, սկսեցին քանդել պարիսպը: Քարը, կիրը, որ արհեստի շնորհիվ միացել, երկաթի ամրություն էին ստացել, նրանց կատաղի հարվածների տակ փշրվում էին և թափվում էին ցած։

— Ես մոռացա հարցնելու,— կրկին դարձավ իշխանը դեպի քահանան.— որտեղ են Շահումյանը, Խորենը, Բալին։

— Շահումյանը և Բալին կարգված են առաջնորդելու տեղացի հայերին, իսկ Խորենը զբաղված է մի այլ գործով։

— Ի՞նչ գործով։

— Նա պիտի ազատե խանի կնիկներից մեկի կյանքը:

— Այդ լավ է, կնոջ գործը վարդապետին հանձնել։

— Այդ կինը, մանավանդ նրա աղախինը, բավական օգնեցին մեզ։

— Գեղեցի՞կ է։

— Ես չեմ տեսել:

— Դու ինչ գիտեիր, հաղորդեցիր ինձ, տեր հայր,— խոսքը փոխեց իշխանը.— հիմա մնում է ինձ հայտնել քեզ Բեկի հրամանը։

— Հայտնեցե՛ք։

— «Չխղճալ, կոտորել անխնա կերպով»:

— Ես առանց այդ հրամանի նույնը կանեի,— պատասխանեց քահանան։