Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ԻԵ

Զեվու (գեղի) բերդը հայոց Բաղաց թագավորների բազմաթիվ բերդերից մեկն էր: Այդ տոհմի վերջին երկու անբախտ թագավորները, երկու եղբայրներ` Գրիգոր և Սմբատ, անժառանգ էին: Գրիգոր միայն ուներ մի դուստր Կատա անունով: Եվ որպեսզի իր թագավորությունը շարունակվի, նա հրավիրեց Խաչենի Ջալալյան իշխաններից մի երիտասարդ Հասան անունով, տվեց Կատային նրան կնության և նրա հետ նվիրեց իր փեսային Բաղաց իշխանության աթոռը: Շուտով երկու եղբայրներն ևս վախճանվեցան, առանց տեսնելու իրանց թագավորության կործանումը:

Այդ միջոցներում արևելքում զորացավ մանգոլական տարրը և հեղեղի նման սկսեց սփռվել դեպի ամեն կողմը: Երիտասարդ Հասանը այնքան քաջություն չունեցավ, որ դեմ դներ թշնամու արշավանքներին, թողեց իր երկրի բերդերն ու ամրությունները անտեր, անձն ու ընտանիքը միայն ազատելու համար, հեռացավ իր հայրենիքը` Խաչեն: Եվ այսպես Անդոկի նման սարսափելի հսկայի թագավորությունը վերջացավ Հասանի նման երկչոտ թզուկով:

Այնուհետև Զեվուն, ինչպես Կապանի մյուս բերդերը, փոխոխակի ընկան երբեմն պարսից, երբեմն արաբացոց և երբեմն թուրքաց իշխանության ներքո: Հայ բնակիչներն սկսեցին ցրիվ գալ, իսկ նրանց փոխարեն հետզհետե զետեղվեցան մահմեդականները:

Դավիթ Բեկի օրերում Զեվուն ուներ մոտ հինգ հազար տուն բնակիչներ, որոնց թվում հայերը խիստ չնչին փոքրամասնություն էին ներկայացնում:

Բայց երբ խանը լսեց Բեկի արշավանքը դեպի իր բերդը, նա հավաքեց շրջակա թուրքաբնակ գյուղերի բնակիչներին ևս բերդի մեջ, այնպես որ, պաշարման ժամանակ այնտեղ կար մահմեդականների բավական մեծ բազմություն:

Երկու բան կարող է մահմեդականին քաջություն տալ, սիրտ տալ թշնամու հետ կռվելու համար, մեկը, ավարառության ցանկությունը, մյուսը կրոնական մոլեռանդությունը։ Պատերազմական մի այլ իդեալ անծանոթ է նրան։ Այդ երկու պայմաններն ևս, պաշարված բերդի մահմեդականների վերաբերությամբ, տնօրինված էին: Խանը իրավունք էր տվել նրանց կոտորելու, կողոպտելու իրանց դրացի բոլոր հայերին։ Իսկ մոլլաների գլխավորը, որպես վարձատրություն այդ բարբարոսության համար, խոստացել էր Մուհամմեդի դրախտը: