Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աղետալի գիշերը հիշեցնում էր չարչամբեի[1] այն հանդիսավոր գիշերներից մեկը, երբ թե հարստի ապարանքի և թե աղքատի խրճիթի կտուրների վրա կրակներ են վառվում, և ամեն տանիքից, ամեն լուսամուտից հրացաններ են արձակում։

Մոլլաների գլխավորը մահմեդական ամբոխի հետ արդեն հարձակվել էին հայոց թաղի վրա։ Նրանք թնդանոթներ չունեին, զինված էին հրացաններով, ատրճանակներով և խենջարներով:

Խանը իր թիկնապահների հետ նախ դիմեց դեպի նրանց կողմը, տեսնելու, թե ամբոխը ինչպես է գործում։ Այստեղ կռիվը գտնվում էր իր զարհուրելի կերպարանքի մեջ։ Փողոցների լուսավորությունը այդ ժամանակներում դեռ սովորություն չէր։ Խավար գործողությունը կատարվում էր գիշերային խավարի մեջ, որը մի վայրկենական լուսավորություն էր ստանում, երբ հրանոթները կրակ էին թափում։ Նրանց լույսի հետ խավարում էր հարյուրավորների կյանքը...

Քամին, սոսկալի փոթորիկը, որ մի քանի ժամ առաջ կատաղաբար փչում էր, այժմ համարյա թե դադարած էր։ Նա տեսնելով մարդիկների բարբարոսությունը, մեղմացրեց իր կատաղությունը։

Խանի թիկնապահների թվում գտնվում էր նրա մերձավոր ազգականներից մեկր, որին կոչում էին Հաջի-Ֆարաշ։ Նա տեսնելով, որ իր տերը անձնավստահ կերպով առաջ է մղվում, զգուշացրեց նրան, ասելով.

— Խան, իզուր եք մտնում այդ կրակների մեջ։

— Ես ցանկանում եմ ավելի մոտից տեսնել կռիվը,— պատասխանեց նա, ուշադրություն չդարձնելով:

— Մոտ գնալ անհնարին է. դուք իզուր ձեր անձը վտանգի կենթարկեք։ Ահա այստեղից ևս կարելի է շատ բան տեսնել։

Նա ցույց տվեց մի բարձրավանդակ, որ կազմվել էր այնտեղ ածած աղբերից: Խանը բարձրացավ նրա վրա։ Այստեղ հավաքված էին անմաքուր բերդաքաղաքի անմաքրությունները։

Դեպքերը շատ անգամ զարմանալի կատակներ են պարունակում իրանց մեջ, և ամենահասարակ իրողությունը արտահայտում է մի խորին, փիլիսոփայական միտք։ Իշխանի հոյակապ ամրոցի

  1. Չամչամբա կամ չհարչամբա նշանակում է չորեքշաբթի։ Պարսիկների մեջ դեռ մնացել է վաղեմի սովորությունը, երբ մոտենում են իրանց տարեմուտին (նովրուզ), վերջին ամբողջ ամսվա ընթացքում, յուրաքանչյուր չորեքշաբթի գիշեր, հրավառությունների և հրացանաձգությունների հանդես են կատարում կտուրների վրա