Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կողքին տեսնում ես աղբանոց: Նրա շքեղազարդ դահլիճների հանդեպ ողորմելի խրճիթներ, աղքատություն։ Մեկը վայելում է, հազարավորները տուժում են: — Դա արևելքի և արևելյան իշխանության ճիշտ նկարագիրն է։ Դա բռնության և ստրկության անհամեմատ հակապատկերն է:

Դեպքերը այժմ դուրս քաշեցին բռնակալին իր փառավոր ամրոցից և կանգնեցրին աղբանոցի բարձրության վրա: — Դրա մեջն է բուն կատակը, անցքերի հետաքրքիր խաղը։ Նա իր բարձրավանդակից նայում է, թե ի՛նչպես է կռվում, ի՛նչպես է արյուն թափում ժողովուրդը։ Բայց ո՞ւմ համար: — Նույն անձի համար, որ իրան կեղեքում է, ստրկացնում է։ Ահա դրա մեջն է ամբոխի ամենագլխավոր հիմարությունը...

Մի աննշան փոքրամասնություն բողոքում էր բռնության դեմ, իսկ խավար մեծամասնությունը աշխատում էր խեղդել նրա բողոքը։ Ինչո՞ւ։ — Որ այն մեկ անձի իշխանությունը պահպանվի, որ նա ավելի երկար ժամանակ ունենա ճնշելու, կեղեքելու և իր ստրուկների արյունը ծծելու...

— Նայեցեք, խան, ցույց էր տալիս Հաջի-Ֆարաշը կատարվող բարբարոսությունները։ — Մերոնք աշխատում են անց կենալ, բայց փողոցի մուտքը բռնված է պատնեշով։ Հայերը պատնեշի ետևից հրացաններ են արձակում։ Նրանք արձակում են և կտուրների վրայից։ Տեսեք այդ անզգամ կնիկներին, ի՛նչպես օգնում են իրանց տղամարդերին։ Նրանք առնում են դատարկ հրացանները, արագությամբ լեցնում են, և շուտով տալիս են տղամարդերի ձեռքը նետելու համար։ Ո՞վ տվեց դրանց այդքան զենքերը։

Խանը ոչինչ չպատասխանեց։

— Նայեցեք, խան,— ասաց Հաջին, այժմ մի առանձին ուրախությամբ առաջ տանելով իր նկատողությունները: — Մերոնք խորտակեցին պատնեշը... անցկացան... Հայերը խույս են տալիս... Ա՛խ, թշվառականներ... նրանք դարձյալ կանգնեցին... մտան մի այլ պատնեշի ետևում... այժմ կրկին պաշտպանվում են...

Օդի մեջ լսելի եղան խուլ որոտմունքներ, որոնց հետևեցին խառնաշփոթ աղաղակներ։ Մահմեդական ամբոխը սկսեց սարսափելի աղմուկով դուրս փախչել հայոց թաղից։

— Հեռանանք, խան,— գոչեց նրա ոչ սակավ զարհուրած խոսակիցը։

— Այդ ի՞նչ պատահեց,— հարցրեց խանը, տեղից չշարժվելով։