Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նրան ոչ ոք չպատասխանեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե թշնամին որտեղից ներս մտավ։

— Մարդիկ հիմա սկսեցին փախչել կտուրների վրայով,— նկատեց թիկնապահներից մեկը։

— Ինչպե՞ս են բարձրանում կտուրների վրա,— հարցրեց խանը:

— Փողոցի պատերը տեղ-տեղ խիստ ցած են:

Թնդանոթներ արձակողը Բայինդուր իշխանի զորախումբն էր։ Իսկ նրա հակառակ կողմից ժողովրդին երկու կրակների մեջ դնողը Ավթանդիլ գնդապետն էր։

Մի քանի կետերի վրա հայտնվեցան հրդեհի նշաններ։

— Շտապե՛նք,— գոչեց խանը։— Պետք է դեպի այս կողմը դարձնել մեր զինվորներին։ Շուտով անհավատները ամբողջ բերդը կոչնչացնեն։

Հրդեհի նշաններն այժմ ավելի պարզ կերպով էին երևում։ Զարհուրած բնակիչները չգիտեին ուր փախչել։

Խանը և իր թիկնապահները ընտրեցին դատարկ, մթին փողոցներից մեկը, և սկսեցին առաջ վազել, որ զորքը օգնության կանչեն: Զորքը այդ ժամանակ, բերդի մի այլ կողմում, նույնպես թշնամու հետ գործ ուներ։

Խանի ուշադրությունը գրավեց խավարի միջից մի խոսակցություն. նա իր քայլերը դանդաղեցրեց։

— Թող անիծվի՜ այսպիսի խանը,— ասում էր ձայներից մեկը:— Եթե չէր կարող թշնամուն դեմ դնել, էլ ինչո՞ւ մեզ ձգեց այդ կրակի մեջ...

Կարծես մի սուր ցցեցին խանի սրտում։

— Մայրի՛կ,— գոչեց մի երեխայական ձայն.— ինձ գրկիր, ես հոգնեցա...

— Ինչպե՞ս գրկեմ, զավակս,— պատասխանեց մայրը.— քո փոքրիկ քույրը գրկումս է։

— Ինձ շալակիր, մայրիկ, ես է՛լ չեմ կարողանում գալ։

— Ինչպե՞ս շալակեմ, զավակս, քո փոքրիկ եղբայրը ուսիս է։

— Մայրիկ, ես այստեղ կնստեմ։

— Այստեղ լավ չէ, զավակս, մի քիչ էլ առաջ գնանք, հետո կհանգստանանք։

— Ինչո՞ւ այստեղ լավ չէ, մայրիկ:

— Այնպես, զավակս, լավ չէ...

— Նրանք կգան: