Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ էր գալիս: Նրանցից ոմանք բռնած ունեին վառած ջահեր, և փողոցը, որտեղից անցնում էին, այդ ջահերով լուսավորված էր։ Մի տան լուսամուտից արձակեցին նրանց վրա ատրճանակ։ Գունդը կանգնեց և մի քանի րոպեի մեջ տունը հիմնահատակ դարձավ։ Բնակիչների դիակները խառնվեցան բնակարանի փլատակների հետ։

Գունդը մոտենում էր։ Ջահերի լույսը ճառագայթում էր խանի սպանված, գունաթափ դեմքի վրա: Նա մի կողմ քաշվեցավ, որ չճանաչվի. թաքնվեցավ մի մթին անկյունում։ Գունդը անցավ։ Այժմ նա ևս կամենում էր դուրս գալ իր թաքստի տեղից։ Բայց դեպի ո՞ր կողմը գնալ։ Նա իր բերդի բոլոր փողոցների հետ ծանոթ չէր, նա ծանոթ էր մի քանի ուղիղ փողոցների, որոնց միջով հանդիսավոր կերպով անցնում էր, երբ իր ամրոցից դուրս գալով, դնում էր որսորդության։ Մի քանի րոպե անշարժ մնաց իր թաքստի տեղում. դուրս չեկավ, վախենում էր թշնամու խումբերի հանդիպել:

Նրա մոտից, խավարի մեջ խարխափելով, անցնում էին մի քանի հոգի։ Նա մտածեց, թե իրան են որոնում և ավելի պինդ կերպով սեղմվեցավ իր թաքստի մեջ։

— Աքպար, կամաց գնա, որ ես հասնեմ,— կանչում էր մեկը նրա ետևից։

— Վազի՛ր, ես կանգնել չեմ կարող,— ասում էր Աքպարը հեռվից։

— Ես վիրավորված եմ, օգնիր ինձ, շարժվել չեմ կարողանում,— աղաչում էր առաջին ձայնը։

Աքպարը ոչինչ չպատասխանեց, և անցավ։

Խանը ճանաչեց իր նոր վեզիրին և իր զորքերի գլխավոր հրամանատարին։

— Ինչո՞ւ է փախչում նա,— հարցրեց խանը մեկից, որ ուրվականի նման, խավարի միջից, մոտեցավ իրան։

— Երևի «ճանճերը» շատ են նեղացնում...— պատասխանեց նա ծիծաղելով։

Խանը ճանաչեց իր հին վեզիրի ձայնը։

Բայց մի՞թե նա բանտարկված չէր, ո՞վ բաց թողեց նրան, հիմա ո՞ւր է գնում,— այդ հարցերը շփոթեցրին խանին։ Վեզիրը թողեց խանին և դիմեց դեպի վիրավորյալը, որին չկամեցավ օգնել Աքպարը։