Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խանը մնաց մտատանջության մեջ: «Ինձ ճանաչեց, մտածում էր նա,— երևի ինձ որոնում էր և գտավ: Հիմա կաշխատե ինձ մատնել, անպատճառ մատնել թշնամու ձեռքը... Ա՛խ, ո՛րքան դառն կերպով ծիծաղեց նա իմ դյուրահավատության վրա. ինձ հիշեցրեց իմ հիմարությունը, որ ես Աքպարի խոսքերը հալած յուղի տեղ ընդունեցի, երբ նա թշնամուն ճանճերի հետ էր համեմատում... Փախչեմ... բայց ո՞ւր փախչեմ... Գոնե գտնվեր մի մարդ, որին ես հայտնեի իմ ով լինելը, և նա կառաջնորդեր ինձ...»։

Վեզիրը կրկին վերադարձավ դեպի խանը։ Այն վիրավորը, որի մոտ գնաց նա օգնելու, արդեն մեռած էր։ Դա խանի քաջ և նշանավոր զորապետներից մեկն էր։

— Հիմա համոզվեցա՞ք, խան, որ մեր թշնամիները ճանճեր չեն եղել... — հարցրեց պաշտոնից զրկված վեզիրը, կանգնելով նրա առջև։

Խանը ոչինչ չպատասխանեց, միայն վրդովվեցավ ծերունու հանդգնության պատճառով։

Ծերունին հասցրեց երկրորդ հարվածքը.

— Տեսա՞ք խան, ի՛նչպես էր փախչում ձեր նոր վեզիրը և զորքերի պոռոտախոս հրամանատարը «ճանճերի» առջևից...

— Տեսա,— պատասխանեց խանը դառնությամբ։— Բայց ես հրամայեցի, որ ձեզ բանտարկեն, այդ ինչպես եղավ, որ փախաք բանտից։

— Ես չփախա, ես փախչելու սովորություն չունեմ։ Իրավ է, դուք հրամայեցիք ինձ բանտարկել, բայց չմտածեցիք, որ դուք այլևս բանտ չունեիք։

— Ինչպե՞ս չունեի։

— Ձեր բանտը, մինչև ինձ այնտեղ հասցնելը, արդեն քանդված էր։ Ձեր ավելի քան մի քանի հարյուր բանտարկյալները, որոնք ըստ մեծի մասին հայեր էին, օգուտ քաղելով բերդի մեջ պատահած խռովություններից, փշրել էին իրանց շղթաները և իրանց ձեռքով քանդել էին բանտը։ Այս պատճառով ձեր հրամանը անկատար մնաց, որովհետև տեղ չգտան ինձ բանտարկելու։

— Իսկ իմ բանտապետները, պահապանները ինչպես չզսպեցին անզգամներին։

— Բանտարկյալները կոտորեցին նրանց։

Այն բոլոր թշվառություններից հետո, որոնց ականատես էր եղած այն գիշեր բերդի դժբախտ իշխանը, այդ լուրը ավելի խոր խոցեց նրա սիրտը։