Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եվ դուք, ազատվելով բանտից, երևի, մի առիթ էիք որոնում վրեժխնդիր լինելու ձեզ բանտարկողից,— հարցրեց սա։

— Ոչ, ես վրեժխնդիր չեմ լինում այն անձից, որ արդեն դժբախության մեջ է գտնվում,— պատասխանեց ծերունի վեզիրը, կարեկցական եղանակով: — Ընդհակառակն, ես շտապեցի ձեզ օգնելու: Երկար որոնում էի ձեզ: Երբ թշնամու գունդը անցավ, ջահերի լուսավորության առջև ճանաչեցի ձեզ և մոտեցա։

Վեզիրի ցավակցական պատասխանը ավելի վիրավորեց խանին. նա իր սովորական հպարտությամբ ասաց.

— Շնորհակալ եմ, ափսո՜ս, որ ձեր օգնությանը այլևս կարոտություն չունեմ: Դուք միայն ինձ այն ասացեք, կռիվներից ի՞նչ տեղեկություն ունիք:

— Ես անցա համարյա բոլոր կետերի վրա, ուր որ կռվում էին մեր զորքերը։ Զորքերը, պետք է խոստովանած, քաջությամբ էին պաշտպանվում: Եթե նրանց առաջնորդները այնպիսի վատ, երկչոտ և տգետ մարդիկ չլինեին,— եթե նրանք չթողնեին իրանց գունդերը և չփախչեին, գուցե ձեր զինվորները թույլ չէին տա, որ թշնամին ամեն կողմից մտներ բերդը։

— Լավ բոլորը հասկացա...— ասաց խանը զայրացած ձայնով.— խնդրում եմ, որ հիմա ինձ մենակ թողնեք։

— Ես ձեզ երկար չեմ ձանձրացնի, որովհետև ինքս էլ շտապում եմ...

— Ո՞ւր պիտի գնաք:

— Բեկի մոտը:

— Բեկի մո՞տ,— հարցրեց խանը կասկածանքով։— Ի՞նչ գործ ունիք այն ավազակի հետ:

— Գնում եմ, որ ընկնեմ նրա ոտքերի առջև, համբուրեմ, աղաչեմ, պաղատեմ, որ խնայե մնացածներին և կոտորել չտա։

Գոռոզ իշխանը, որ իրան երբեք թույլ չէր տա որևիցե խնդիրքով դիմել երկրի թագավորներին անգամ, բռնեց պաշտոնազուրկ վեզիրի ձեռքից, և աղաչելով ասաց.

— Լսեցեք, վեզիր, ես ձեզ կոչում եմ ձեր առաջվա պաշտոնի անունով,— եթե մնացել է ձեր մեջ հարգանքի որևիցե նշույլ դեպի ձեր նախկին տերը, ընդունեցեք նրա տված խորհուրդը, և մի գնացաք այն ավազակի մոտ։

— Ես հիմա էլ հարգում եմ ձեզ,— ինչպես միշտ,— պատասխանեց վեզիրը սառն կերպով:— Բայց բյուրավոր մուսումլանների