Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հեռացի՛ր այստեղից,— հրամայեց խանը և մտավ տիկնոջ սենյակը:

Սարսափած ծերունին ոտքը դուրս դրեց նախասենյակի շեմքից. բայց հանկարծ հիշեց իր սղոցի թեփող բարձը և վերարկուն: Նա դողդողալով հետ դարձավ, վեր առեց իր գիշերային անբաժան ընկերներին և հեռացավ:

Նրա մեջ այժմ տիրապետում էր մի զգացմունք միայն, մահվան և դատապարտության զգացմունքը: Նա հիշեց ներքինապետի խոսքերը, որ տիկնոջ փախուստի լուրը առնելու ժամանակ ասաց նրան. «Խանը քեզ կրակի մեջ կենդանի այրել կտա...»: Իսկ այժմ իր հանցանքը ավելի ծանրացավ: Նա բռնեց խանի կոկորդից, նա ապտակեց նրան: Բայց ինչո՞ւ չհրամայեց նա իսկույն կտոր-կտոր անել, իսկույն խեղդել իր անզգամ ծառային: «Ես արժանի եմ մի այդպիսի պատժի»,— մտածեց նա և առանձնացավ կանանոցի մի անկյունում, նստեց, խոնարհաբար սպասում էր իր դատապարտության րոպեին:

Խանը մտնելով տիկնոջ սենյակը, գտավ նրան իր գեղեցիկ, վայելչական կարգուսարքի մեջ: Այնտեղ դեռ վառվում էի ճրագը, տարածելով իր շուրջը բաց-վարդագույն լուսավորություն, որը արտափայլում էր նույն գույնով թավիշյա վարագույրներից: Սիրելի խանումի սենյակում ամեն ինչ իր տեղում էր. թե փափուկ մութաքաները ոսկյա փունջերով, թե նախշուն օթոցները, և թե արծաթեղեն կամ հազվագյուտ չինապակիից կազմված անոթները, բոլորը, բոլորը իրենց պատշաճավոր տեղերն էին բռնած: Միայն պակաս էր սենյակի թագուհին:

Ամրոցի իշխանը այժմ գտնվում էր իր տան մեջ, բայց որպես մի հանցավոր, որպես մի փախստական, որ ոչ ոքին երևնալու համարձակություն չունի: Նա կանգնած էր ոտքի վրա, և իր ջորեպանի ցեխոտ հագուստով մինչև անգամ չէր համարձակվում մերձենալ այն գեղեցկություններին, որոնցմով շրջապատված էր ինքը: Նա աչքերը հառած, խորին տխրությամբ նայում էր այն օթոցին, ուր իր մոտ նստած էր նույն գիշերը խանումներից ամենագեղեցիկը և ամենախելացին: Հիշեց նրա սքանչելի դեմքը, մտաբերեց նրա լի ճշմարտություններով խոսքերը: Այստեղ, այս օթոցի վրա նստած, նա, որպես մի անողոք մարգարեուհի, կարդում էր բռնակալի ճակատագիրը, բացատրում էր նրա խաբուսիկ վիճակը: Խոսում էր ընտանիքի և ամուսնական սիրո վրա: Ա՜խ, որքան իմաստալից, որքան խորահորհուրդ էին նրա խոսքերը: Ինքն այն