Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սանդուղքները տանում էին մի երկար, ստորերկրյա շինվածքի մեջ, որ ամենևին լուսամուտներ չուներ։ Այդ շինվածքը փորված էր ապառաժի մեջ և ծածկված էր ահագին կամարներով: Նա ավելի բնական քարանձավի ձև ուներ, քան մարդկային արհեստի կերտվածքի։ Նրա վերին հարկում գտնվում էր ամբողջ կանանոցը: Այստեղ խանը պահում էր իր գանձերը։ Բայց բերդի պաշարվելու ժամանակ նա տեղավորեց այնտեղ, տոպրակների մեջ լցրած, մի նոր մթերք։ Ի՞նչ էր նա,— ոչ ոք չգիտեր։ Նա թողեց ոսկով և արծաթով լի արկղիկները և մոտեցավ այդ տոպրակներին։ Ճրագը մի կողմ դրեց և ինքը չոքեց խոնավ հատակի վրա: Նրա դեմքը այժմ արտահայտում էր սրտի խորին հանդարտություն, որպես մի մարդ, որ արդեն հաշտվել էր իր խղճի հետ։ Նա իր պղտոր աչքերը բարձրացրեց դեպի երկինքը և լռությամբ կարդաց մի կարճ աղոթք։ Հետո վեր առեց ճրագը և սառնասրտությամբ մոտեցրեց տոպրակներից մեկին: Նույն վայրկյանում ստորերկրյա շինվածքը սոսկալի բոմբյունով որոտաց և ամբողջ կանանոցը բարձրացավ, ցնդեց օդի մեջ...

ԻԷ

Օրհասական գիշերը անցավ, կրակի, կոտորածի գիշերը: Վաղորդյան արեգակը իր ուրախ ճառագայթները տարածեց մոխիր դարձած բերդաքաղաքի ավերակների վրա։

Բերդից ոչ այնքան հեռու, հայոց բանակատեղում կազմված էր մի առանձին վրան։ Այդ վրանը տաղավարի ձև ուներ, համարյա միևնույն ձևը, որ մինչև այսօր էլ կարելի է տեսնել Սյունյաց աշխարհի խաշնարած ցեղերի մոտ։ Շրջապատը հյուսած էր եղեգներով, իսկ առաստաղը ծածկված էր թանձր թաղիքներով, որ տարածել էին բարակ, ճկուն ձողերի կորաձև կամարների վրա[1]:

Վրանում նստած էր Ներսես սրբազանը, իսկ նրա հանդեպ լոքած Էր խանի ծերունի վեզիրը։

— Ես, սրբազան,— խոսեց նա.— դիմում եմ ձեզ ոչ իբրև վեզիր և ոչ իբրև մի պաշտոնական անձն, այլ իբրև մի հասարակ մարդ, սիրտը լի ցավերով ու վշտերով։— Դիմում եմ ձեզ այն հույսով,

  1. Այդ տեսակ վրանները կոչվում են ալաչուղ, թե հայերի և թե թուրքերի մոտ միևնույն ձևն ունեն: