Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստրուկ դարձանք։ Մենք կարծում էինք, թե սիրելով մեր թշնամիներին, բարություն անելով մեր ատելիներին, այսպիսով կփափկացնենք նրանց բարք ու վարքի կոշտությունը, կմեղմացնենք նրանք վայրենությունը և փոխադարձապես սեր կվայելենք նրանց կողմից։ Բայց կյանքի փորձի մեջ ընդհակառակն եղավ: — Մենք հավատարիմ մնացինք մեր փրկչի հրամանին. ով որ մեր ձախ երեսին ապտակով զարկեց, աջն էլ շուռ տվեցինք. ով որ մեր շապիկը պահանջեք, մեր պատմուճանն էլ նրան տվեցինք։ Բայց արդյունքն ի՞նչ եղավ։— Այն, որ մեր հնազանդությունով, մեր զոհաբերություններով ավելի լրբացրինք մեր թշնամուն, ավելի գրգռեցինք նրա կատաղությունն ու ընչաքաղցությունը: Մեր խոնհարությունը, մեր հեզությունը նկատելով, մեր թշնամին ավելի բռնացավ մեզ վրա և ավելի սաստիկ կերպով սկսեց ճնշել, տրորել մեզ։ Այդ էր պատճառը, որ մենք վերջ ի վերջո խելքի եկանք, սկսեցինք մեր թշնամիների հետ վարվել նույն կերպով, ինչպես նրանք են վարվում: Եվ այդ վարմունքը դուք ինքներդ սովորեցրիք մեզ։

Վեզիրը ոչինչ չգտավ պատասխանելու։

— Ասացեք, խնդրեմ,— հարցրեց սրբազանը,— դուք ինչպե՞ս կվարվեիք մեզ հետ, եթե այդ կռվի մեջ հաղթությունը ձեր կողմը լիներ։

— Մենք ձեզ կկոտրեինք։

— Ապա ինչո՞ւ եք դատապարտում մեր մեջ միևնույն վարմունքը, երբ հաղթությունը մեր կողմն է։

— Նրա համար, որ ձեր կրոնը ձեզ հրամայում է ներել, իսկ մեր կրոնը մեզ հրամայում է կոտորել։

— Դուք դարձյալ կրոնի վրա եք հիմնում ձեր պատասխանները։

— Որովհետև կրոնավորի հետ եմ խոսում։

— Այո՛, կրոնավորի հետ եք խոսում,— ասաց սրբազանը,— բայց մի մոռացեք, որ այդ կրոնավորը միացրել է իր մեջ թե պատերազմող և թե հաղոթող մարդու հատկությունները։

— Այդ ես աչքի առաջ ունեմ,— պատասխանեց վեզիրը, պահպանելով իր սառնությունը։— Բայց մի հարց եմ առաջարկում ձեզ. ինչպե՞ս կվարվեր աստված հանցավոր Սոդոմի և Գոմորի հետ, եթե գտնելու լիներ նրանց մեջ գոնե մի քանի արդար մարդիկ: