Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բարությունը և առաքինությունը պետք է վարձատրել,— պատասխանեց սրբազանը:— Բայց նախքան խոստանալը, թե կարող եմ կատարեք ձեր խնդիրքը, ես հարկավոր եմ համարում մի բան հարցնել ձեզանից, հուսով եմ, որ անկեղծությամբ կպատասխանեք։

— Հարցրեք։

— Դուք ի՞նչ տեսակ հարաբերություններ կպահպանեք մեզ հետ մեր այդ բոլոր կռիվներից, մեր հաղթություններից հետո։

— Ես կմնամ ձեզ անհաշտ թշնամի։

— Իսկ հայ ժողովրդի՞ վերաբերությամբ։

— Կաշխատեմ կրկին մեր իշխանության տակ ձգել:

— Իսկ մահմեդական ժողովրդի՞ վերաբերությամբ։

— Կաշխատեմ նրանց գրգռել ձեր դեմ, որ թոթափեն օտարի լուծը։ Հուսով եմ, որ դուք չեք դատապարտի իմ մեջ այդ սերը դեպի իմ կրոնակիցները, որովհետև միևնույն սերը ունեք դուք ձեր ժողովրդի վերաբերությամբ։

— Ես հարգում եմ ձեր անկեղծությունը ասաց սրբազանը.— բայց դուք րոպե առաջ խոստովանվեցաք, որ ձեր նախնիքը հայեր են եղել։

— Իսկ ես մահմեդական եմ և իմ կրոնի նախանձախնդրությունն ունեմ։

— Ձեր կրոնը ձեզանից ոչ ոք չէ խլում. բայց դուք ազգով հայ եք։

— Մահմեդականության մեջ ազգ չկա. ամբողջ իսլամը մի Ժողովուրդ է կազմում։

Սրբազանը փոքր֊ինչ մտածելուց հետո, ասաց.

— Լավ, ես ցանկություն չունեմ բռնանալ ձեր համոզմունքների վրա, թեև նրանք ծուռ ու սխալ են։ Խոստանում եմ օգնել ձեզ և Բեկին ընդունել տալ ձեր խնդիրքը, միայն այն պայմանով, որ դուք հենց այս օրից թողնեք մեր տիրապետած երկիրը։

— Այդ պայմանը ես ընդունել չեմ կարող։

— Բայց եթե Բեկը լսելու լինի ձեր վերջին խոսքերը, ձեզ գլխատել կտա։

— Ինձ համար միևնույն է, թող ինձ գլխատել տա, բայց խնայե մնացածներին։

Մինչ այդ խոսակցության մեջ էին, նկատեցին, որ բանակի մյուս ծայրից հայտնվեցավ Բեկը, նստած իր ձյունի պես սպիտակ