Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մնացած բնակիչներն ի՞նչ եղան:

— Հայերին գաղթեցրին ուրիշ տեղ[1], իսկ թուրքերին հրամայեցին հեռանալ դեպի Պարսկաստան[2]։

Մելիքի վրդովմունքը հետզհետե սաստկանում էր, նա անդադար մատներով գղգղում էր իր երկայն մորուքը, որ թուրքերի սովորության համեմատ ներկած էր հինայով։ Նա դարձյալ կանգնեց իր լրտեսի առջև, հարցնելով.

— Բերդը ոչնչացնելուց հետո Բեկի զորքերը ո՞րտեղ գնացին:

— Գնացին դեպի զանազան կողմեր նոր հաղթություններ անելու համար:

— Կարո՞ղ ես առանձին-առանձին պատմել ինձ, թե զորապետներից որը ո՛ր կողմ գնաց։

— Ինչո՞ւ չեմ կարող,— պատասխանեց լրտեսը, պարծենալով իր բերած տեղեկությունների վրա։ — Ինքը Բեկը Մխիթար սպարապետի և Ներսես սրբազանի հետ գնացին Որոտնա բերդի վրա։ Մելիք-Փարսադանին, Ավթանդիլ գնդապետին և Պապ զորապետին ուղարկեցին դեպ Գենվազի կողմերը։ Մեղրին տիրելու համար։ Իսկ Բորոս իշխանին ուղարկեցին դեպի մեր կողմը։

— Ուրեմն իմ հին թշնամուն իմ դեմ են ուղարկել...— ասաց նա ատամները կրճտացնելով։

Թորոս իշխանը և մելիք Ֆրանգյուլը տոհմային թշնամություն ունեին միմյանց հետ, որ ժառանգել էին իրանց պապերի ժամանակից։ Նրանց թշնամությունը ավելի սաստկացավ, սկսյալ այն օրից, երբ մելիք Ֆրանգյուլը մահմեդականություն ընդունելով, մտավ Ֆաթալի խանի պաշտպանության ներքո և սկսեց Թորոս իշխանի երկրի վրա հարձակումներ գործել։ Թորոս իշխանի երկիրը` Չավնդուրի գավառը, սահմանակից էր Բարգյուշատին, ուր իշխում էր մելիք Ֆրանգյուլը։

— Թորոսի հետ այլևս ովքե՞ր կան,— հարցրեց մելիքը րոպեական մտածությունից հետո։

— Թորոսի հետն է` իշխան Ստեփաննոս Շահումյանը, Մելիք-Փարսադանի որդի Բալի զորապետը և Թորոսի ազգական Մելիք-Նուբարը։

  1. Հին Զեվուի հայ բնակիչները, այդ բերդի ավերակ դառնալուց հետո, գաղթեցին Բարգյուշատի Մուղանջիկ կոչված մասում, հիմնեցին նոր Զեվուն, որ մինչև այսօր գոյություն ունի:
  2. Իսկ նույն բերդի թուրք բնակիչները անցան Երասխը, գնացին Պարսկաստան և Մարանդի գավառում հիմնեցին մի նոր գյուղ, որը մինչև այսօր էլ կոչվում է Զեյվա կամ Զեվու: