Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անձնական, մասնավոր հաշիվները Թորոսի հետ կորչում էին, անհետանում էին այդ գործի մեծության առջև։

Մելիքը բնավորությամբ բարի մարդ էր, բայց սաստիկ փառասեր: Իր փառասիրությանը զոհեց նա հայրենական կրոնը և մինչև անգամ իր հարազատ աղջիկը։ Բայց նա իր համոզմունքներով իսկապես ոչ քրիստոնյա էր և ոչ մահմեդական։ Նպատակը նրա մեջ արդարացնում էր ամեն տեսակ միջոցներ։ Նրանց հարկավոր էր պահպանել իր տոհմային ժառանգությունը` Բարգյուշատի գավառի իշխանությունը։ Դրա համար պետք էր գրավել երկու հզոր դաշնակիցներ, որպես էին` Ֆաթալի խանը և նրա եղբայր Աղասի խանը։ Նա գրավեց նրանց, մեկի համար ուրանալով իր կրոնը, իսկ մյուսին տալով իր աղջիկը։

Բայց իբրև հայ, նա ցանկանում էր Հայաստանի բարին, ցանկանում էր, որ այդ երկիրը ազատ լինի, բախտավոր լինի, ցանկանում էր, որ նա ունենա իր հայ իշխողը, բայց միայն — ինքը։ Ահա այստեղ էր հասնում նրա փառասիրությունը։

Նա բարկանում էր Բեկի հաջողությունների վրա, ոչ այն պատճառով, որ այդ հաջողությունները օգտավետ չէր համարում իր հայրենիքին, այլ առավել այն պատճառով, թե ինչու ինքը չպիտի լիներ պարագլուխ այդ ազգային շարժմանը, ինչու ուրիշները պիտի վայելեին այն փառքը, որին ինքն էր միայն արժանի։

Բայց նա ոչ մի ազգային շարժման պարագլուխ լինել կարող չէր. նա կորցրել էր իր հավատարմությունը հայ ժողովրդի աչքում, նա խորթացել էր հայ հասարակության համար։ Ինչո՞ւ: Նրա համար, որ նա այլևս այնպես չէր աղոթում, ինչպես մյուս հայերը։ Ո՞վ էր մեղավոր, ի՞նքը, թե հասարակությունը, որ նրան դուրս էր վիժում իր միջից, որ զզվանքով խորշում էր նրանից։ Այդ զզվանքը ավելի կատաղեցնում էր նրան և հակամայից ծնեցնում էր նրա մեջ մի այսպիսի միտք. «Եթե դուք ինձ չեք ճանաչում իբրև ձեր մարմնից և արյունից, ես հավիտյան ձեզ ճանաչել չեմ ցանկանա...»։

Նա վեր կացավ պառկած տեղից, սկսեց կրկին անցուդարձ անել սենյակի մեջ։ Խիղճը տանջում էր նրան։ «Ոչ, մտածում էր նա, ինձ չի ների ոչ երկինքը և ոչ երկիրը, եթե ես կդավաճանեմ իմ հայրենիքի փրկության գործին։ Բեկի հաջողությունները դեռ չի կարելի բոլորովին ապահովված համարել։ Նա, իրավ էլ փշրեց մեր երկրի նշանավոր բռնապետներից մեկի` Ասլամազ-Կուլի խանի զորությունը, բայց դեռ ամենահրեշավոր վիշապը մնում է, որի գլուխը