Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես պետք է խորտակել: Այդ վիշապը Ֆաթալի խանն է, որ նստած է մեր երկրի սրտի մեջ, իսկ ես — նրա աջ ձեռքն եմ: Առանց ինձ նա ոչինչ է, իսկ առանց նրան ես ոչինչ եմ։ Մեր երկուսի միավորությունը կազմում է մի սարսափելի ամբողջ, որի առջև կոչնչանա Բեկի բոլոր զորությունները։ Բայց մի՞թե աստված և նրա սուրբերը կներեն ինձ, եթե ես միանամ օտարի հետ և պատերազմեմ իմ հայրենիքի փրկիչների դեմ: Մի՞թե ապագա սերունդը մինչև հավիտյան անեծքով և նախատինքով չի դատապարտի իմ հիշատակը։ Ոչ, ես ուրացողի անունը կրեցի, բայց դավաճանի անուն ժառանգել չեմ ցանկանա։ Կգնամ Բեկի և Ներսես սրբազանի մոտ, կչոքեմ նրանց առջև ու կասեմ. «Ընդունեցեք ձեր անառակ որդուն. կորած էի` գտնվեցա, մեռած էի` կենդանացա...»:

«Բայց ես ուշացա, ես շատ ուշացա։ Ես այդ պիտի անեի այն ժամանակ, երբ մեր երկրի պետերը հավաքվեցան Տաթևի վանքի տաճարի մեջ և սուրբ Վարդանի գերեզմանի վրա ուխտ ուխտեցին, հավատարմության երդում տվեցին։ Ես ուշացա։ Հիմա նրանք այլևս չեն հավատա իմ անկեղծությանը։ Եվ իրավունք ունեն չհավատալու։ Իմ ամբողջ կյանքը, իմ գործունեությունը միշտ վատ վկայություն կտան իմ մասին։ Ես միշտ ծածկված եմ եղել մի կեղծ, խարուսիկ կեղևով։ Դրսից ներկայացել եմ որպես պաշտոնյա, որպես գործիք օտարի, իսկ ներսից պաշտպանել եմ իմ ազգի շահերը։ Ես հայտնապես վնաս եմ տվել իմ ազգին, բայց գաղտնապես օգնել եմ նրան։ Բայց ո՞վ է քննում մարդկանց սիրտը, որ թաքնված է խավարի և մթության մեջ։ Ամեն ինչ դատում են արտաքին փաստերով, որ ավելի աչքի են զարկում, որ ավելի շոշափելի են։

Ի՞նչ պիտի անես, երբ օտարի, երբ թշնամու ծառայության մեջ ես գտնվում։ Մի պատառ պետք է ձգես նրա բերանը, որ կարողանաս ամբողջը ազատել։ Ես տվեցի Ֆաթալի խանին մի վանք, որ նա իր համար ամառանոց կառուցանե և դրանով ազատեցի մեր բոլոր վանքերը։ Ես տվեցի նրա եղբորը իմ հարազատ աղջիկը և դրանով ազատեցի հազարավոր աղջիկներ մահմեդականի կին լինելուց։ Ես ուրացա իմ կրոնը, ընդունեցի մահմեդականություն, որ դրանով գրավեմ իմ թշնամու մտերմությունը, որ դրանով ավելի խոր մտնեմ նրա սրտի մեջ, որ կարողանամ նրան իմ ձեռքում պահել: Այդ բոլորը արեցի ես միայն նպատակների համար։ Բայց աստծուն հայտնի է, որ իմ նպատակները չար չէին։ Նրանք կարող են այժմ չար երևնալ, որովհետև իմ նախասահմանությունը անկատար