Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դալկացել, մեռելի գույն էր ստացել։ Նրա հաստ գոտիի մեջ առջևից խրած թղթերի փաթոթները բովանդակում էին իրանց մեջ խանի ամջողջ արխիվը, որ նա իր գոտիումն էր ման ածում։ Այնտեղ էին տուրքերի, հարկերի հաշիվները․ այնտեղ էին պաշտոնական թղթերի օրինակները․ այնտեղ էին դատերի, վժիռների արձանագրությունները,— բոլորը թղթերի կտորտանքի վրա գրած, և խառն, անկարգ կերպով, խողովակի ձևով, միմյանց վրա փաթաթած։ Նույն գոտիի մեջ խրած էր նրա երկայն, նաշխուն թանաքամանը իր բաղմաթիվ եղեգնյա գրիչներով։ Նույն գոտիից քարշ էր ընկած բազմաթիվ կնիքների մի փունջ, հադիկ կոչված քարի վրա փորված, և արծաթի կոթերով բռնված։ Մուշի-բաշիի շուրջը հավաքված էին իր ստորադրյալ միրզները (գրադիրները)․ նրանք էլ ունեին իրանց գոտիի մեջ թղթերի փաթոթներ և թանաքամաններ։ Այստեղ նույնպես բազմությունը զանազան խնդիրքներով դիմում էր մուշի-բաշիին՝ խանի գլխավոր քարտուղարին, այս և այն թղթերն էր պահանջում։ Այստեղ նույնպես շատերը մոտենում էին, չոքում էին նրա առջև և ականջին բաներ էին փսփսում․․․

—Այս մարդուն թուղթը պատրաստ չէ՞,— դառնում էր նա գրագրներից մեկին։

—Պատրաստ է։

—Ինչո՞ւ չեք տալիս։

—Դեռ րուսումը չեմ ստացել։

Րուսումը այն ընծան էր, որ պիտի տար թղթի ստացողը գրագրին։ Հետո սկսվում էր երկար սակարկություն այդ ընծայի քանակություն մասին։ Կաշառակերություն կատարվում էր հրապարակավ, որովհետև դա ընդունված մի սովորություն էր։

Բազմության մեջ մի դղրդոց ընկավ և դեպի ամեն կողմ տարածվեցավ խուլ շշունջ՝ «խանը գալիս է»։ Բոլորը ոտքի վրա կանգնեցան։

Կանանոցի կողմից հայանվեցավ խանը։ Նրա առջևից ընկած էին մի խումբ շաթրներ, իսկ ետևից գալիս էին մի խումբ ֆարրաշներ։ Ինքը միայնակ, մեջտեղում, վառվում էր ոսկու, արծաթի և գոհարների մեջ։

Մինչև դիվանխանեն հասնիլը բավական տարածություն կար։

—Խան, քո ոտներին մատաղ լինենք,— խնդիր ունենք․․․-ձայն տվեցին մի քանի հոգի, որ ճանապարհի եզրում չոքած, անդադար համբուրում էին գետինը։