Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առած կին է, բայց առաջվա նման նույնպես գեղեցիկ է նա, նույնպես հրապուրիչ է, միայն հասունացած կնոջ գեղեցկությամբ։

Վերջին տարիներում ավելի մաշվեցավ, ավելի թառամեց չքնաղ գեղեցկուհին, մանավանդ այդ ամառանոցը հիմնվելուց հետո: Նրան խիստ ծանր էր բնակվել մի տան մեջ, որ կառուցվել էր հայոց տաճարի փլատակներով։ Նա չէր կարողանում զսպել իր արտասուքը, երբ ամեն օր իր աչքի առջև տեսնում էր նույն տաճարի ավերակները: Այդ ավերակները մի քանի քայլ միայն հեռու էին նրա բնակարանից։ Ամեն անգամ, երբ գիշերային լռության ժամանակ, նա իր սենյակի պատուհանից նայում էր կործանված վանքի փշրանքների վրա, նրան երևութանում էր, որպես թե աբեղաների սևազգեստ դասը, դուրս գալով իրանց շիրիմներից, Խաչ և Ավետարան ձեռքերում բռնած, կատարում էին մի տխուր հոգևոր թափոր, որը ավելի նման էր թաղման հանդեսի։ Նրանք անեծք և նզովք էին կարդում այն բռնակալի վրա, որ քանդեց, ոչնչացրեց իրանց մշտական աղոթքների սրբավայրը։

Իսկ այդ առավոտ տիկինը սովորականից ավելի տխուր էր։ Վերջացնելով աղոթքը, նա կրկին ցած թողեց վարագույրը, ծածկեց խաչը, որ ոչ ոք չտեսնե։ Հետո մոտեցավ պատուհանին, բաց արեց լուսամուտը, նստեց նրա հանդեպ և սկսեց մտախոհ կերպով նայել դեպի գեղադրական հեռուն։ Նրա աչքերի առջև բացվում էր մի սքանչելի տեսարան. մանիշակագույն հորիզոնի վրա նկարված էին Բարգյուշատի և Չավնդուրի գեղեցիկ, անտառապատ լեռները, որոնց միջից իր մերկ գագաթով վեր էր բարձրացել հսկա Խուստուփը։ Իսկ մյուս կողմում իր հավերժական սառնամանիքներով ձգվում էր Կազբեկի շղթան, որը իր ձյունապատ գագաթներով ներկայացնում էր մի հակապատկեր ծաղկյալ, կանաչազարդ տարածության մեջ։ Այդ բոլորը, լուսավորված վաղորդյան արեգակի պայծառ ճառագայթներով, շնչում էր նորածին օրվա ջերմ, կենսատու շնչառությամբ։ Բայց տիկնոջ սրտին նրանք ոչինչ ուրախություն, ոչինչ մխիթարություն չէին ազդում։ Նրա միտքը թռել և սլացել էր հեռու և հեռու, դեպի այն կանաչազարդ լեռների ետևը, ուր կռվում էին հայոց քաջերը, որոնց թվում կռվում էր և իր սիրելին...

Հանկարծ նրա դեմքը բոլորովին մռայլվեցավ, նա ամբողջ մարմնով դողաց, երբ պատուհանից նկատեց մի մարդ իր նշանավոր սև ջորու վրա հեծած, բարձրանում էր Արծվանիկ ավանի զառիվերից և ուղիղ դիմում էր դեպի իրանց ամառանոցը։ Նրա