Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արծիվը կատու է դառնում...»: Ես երբեք չէի կարող համոզել, խելքի բերել և իմ կամքը ընդունել տալ այդ գոռոզ, միևնույն Ժամանակ հիմար խանին, եթե թշնամին նրա դռան մոտ նստած չլիներ... Թորոսը օգնեց ինձ... Այսուհետև ես կարող եմ ինձ կատարելապես Բարգյուշատի և Չավնդուրի տերը համարել... Թեև ինձ չհաջողվեցավ ամբողջ Սյունյաց աշխարհի իշխողը լինել, բայց առայժմ այդ երկու գավառներն էլ բավական են... ամեն ինչ փոքրից է սկսվում... Եթե հաջողությունը մեր կողմը լինի, այնուհետև կկատարվի իմ վաղեմի բաղձանքը... Բայց հաջողությունը անպատճառ մեր կողմը պետք է համարել.. Ես գործերը այնպես կտանեմ, որ պառավ աղվեսին իր պոչիցը ծուղակի մեջ կձգեմ...

Նա այժմ հաշտված էր իր խղճի հետ։ Նրա սիրտը լցված էր մի տեսակ վայրենի ուրախությամբ, որ զգում են գազանները միայն, երբ մոտենում են իրանց զոհին։ Նա մոտեցավ իր թղթերի պահարանին, վեր առեց այնտեղից մի թերթ թուղթ։ Հետո ծալապատիկ նստեց փառավոր օթոցի վրա, թուղթը դրեց ծնկի վրա, սկսեց գրել։ Երկար գրում էր նա, մինչև թերթի առաջին, երկրորդ և երրորդ երեսները լցվեցան։ Իր պարապմունքը ընդհատում էր միայն այն ժամանակ, երբ պետք է ծխել` երևակայությունը ավելի գրգռելու, ավելի զորացնելու համար։ Երբ վերջացրեց իր գործը, թերթը նամակի ձևով ծալեց և ապա կնքեց։ Հետո հրամայեց կանչել իր մոտ գզիր Համբարձումին։

— Դու բավական հանգստացա՞ծ ես, Համբարձում,— հարցրեց նա, երբ հայտնվեցավ գզիրը։

— Այդ ի՞նչ հարցմունք է, մելիք,— խոսեց գզիրը շողոքորթի ստոր քսությամբ.— Համբարձումը եթե գերեզմանում էլ դրած լինի, դարձյալ միշտ պատրաստ կլինի իր տիրոջը ծառայելու:

— Շատ ապրիս, Համբարձում, ես քո ծառայությունները չեմ մոռանա, հենց այս րոպեիս քեզ մի լավ խալաթ կտամ,— ասաց մելիքը։— Կանչիր այստեղ նազիրին։

Երբ նազիրը, այսինքն տնտեսը հայտնվեցավ, մելիքը հրամայեց նրան, որ գզիրի համար ոտքից մինչև գլուխ մի ձեռք հագուստ բերե։

— Տրեխները չմոռանաս, տրեխներս բոլորովին մաշվել են,— նկատեց գզիրը:

— Չի մոռանա,— ասաց մելիքը։— Դու ինձ այն ասաց, թե որտե՞ղ թողեցիր Թորոսի բանակը։

— Բեխ գյուղի հանդեպ: