Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կարո՞ղ ես այսօր մի նամակ հասցնել Թորոսին։

Գզիրը մոտեցավ լուսամուտին, գլուխը դուրս տարավ, և նայելով արեգակին, ասաց.

— Դեռ արևը մայր չմտած, կհասցնեմ։ Բայց ներեցեք համարձակությանս, տեր իմ, դո՞ւք, Թորոսին նամա՞կ...

— Այո՛, Թորոսին և ոչ մի այլ մարդու։

— Ձեր ծառայի հարցմունքը նրա համար էր, եթե Թորոսը բան հարցնելու լինի, ես ի՛նչ ձևով պետք է պատասխանեմ։

— Դուք պիտի ձևացնեք, թե ոչինչ չգիտեք, ոչինչ բանի մասին տեղեկություն չունեք։

— Այսինքն ես ինձ պետք է փոքր-ինչ հիմարի տեղ դնեմ։

— Այո՛։ Քեզ հետ կլինի և տեր Հարութը. դու նրա ուղեկցի և առաջնորդի պաշտոնը կկատարես։ Նամակը տերտերի ձեռքում կլինի։

— Ուրեմն այստեղ պետք է կանչել տերտերին։

— Կանչիր։ Ասա՛, որ մի խաչ և Ավետարան իր հետ բերե:

Գզիրը հեռացավ։ Այդ առաջին անգամն էր պատահում, որ մելիքը նրա հետ այսպես ծածկամտությամբ էր վարվում։ Նա գնաց Արծվանիկ ավանը տերտերին որոնելու։ «Տերտե՜ր... խա՜չ և Ավետարա՜ն...»— կրկնում էր իր մտքում զարմանալով։ — Այդ ի՞նչ բան է, երևի գմվել է մելիքը, կրկին հայանալ է ցանկանում...։

Քահանան ևս ոչ սակավ զարմացավ, երբ գզիրը հայտնեց նրան մելիքի հրամանը։ Այն օրից, որ մելիքը ընդունել էր մահմեդականություն, դեռ ոչ մի քահանայի ոտք չէր կոխել նրա տան շեմքը, իսկ այսօր հրավիրում էր նրան խաչով և Ավետարանով:

Քահանային կոչում էին տեր Հարութ, նրա իսկական անունը Հարություն էր։ Եթե մինչև իդիոտության հասցրած բարեպաշտությունը կարելի է առաքինություն կոչել, այդ կետից, այդ քահանային կարելի էր ամենաառաքինի կրոնավորներից մեկը համարել։ Նա իր կյանքում ժամից հետ չէր մնացել, նապաստակի միս չէր կերել, հավատում էր Հիսուս Քրիստոսի փրկագործությանը, հավատում էր և այն բանին, թե թուրքի մեռելները գիշերները իրանց գերեզմաններում հանգիստ չեն մնում, իրանց պատանքներով դուրս են գալիս, թափառում են այստեղ և այնտեղ, և զանազան անասունների ձայներ են հանում:

— Ի՞նչ կա, Համբարձում, քո հոգուն մատաղ, ինչո՞ւ է կանչում մելիքը,— հարցրեց նա երկչոտ ձայնով: