Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Երբ մելիքը կանչում է, էլ չեն հարցնում ի՞նչ կա, տեր հայր, գլուխը քարշ են գցում ու գնում են,— պատասխանեց գզիրը, փոքր-ինչ խիստ կերպով։

Տեր հայրը այլևս ոչինչ չհարցրեց և հետևելով գզիրի խոսքին, գլուխը քարշ գցեց, և սկսեց գնալ դեպի մելիքի ամրոցը։ Մինչև այնտեղ հասնելը, նա իր մտքում ավարտեց «եկեսցէ»-ի կեսը, հուսալով, որ գոնե այդ փրկարար աղոթքը կազատե նրան բռնակալի բարկությունից։

Երբ նրան ներս տարան մելիքի սենյակը, նա խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց դռան մոտ: Խեղճ տերտերի դեմքի վրա գույն չէր մնացել, ամբողջ մարմնով դողում էր։

— Հրամեցեք, տեր հայր, հրամեցեք նստեցեք,— ասաց մելիքը, տեղ ցույց տալով։

Մելիքի քաղաքավարի խոսքերը փոքր-ինչ հանգստացրին նրան. կիսամաշ փարաջայի փեշերը հավաքեց, անհամարձակ կերպով մոտեցավ և չոքեց ցույց տված տեղում։

— Դուրս գնա, Համբարձում,— դարձավ մելիքը դեպի գզիրը:

Գզիրը դուրս եկավ։ Չնայելով, որ նազիրը արդեն պատրաստել էր նրան խոստացված խալաթը, բայց նա չգնաց հագնելու, այլ կանգնեց նախասենյակում և ականջը մոտ տարավ դռանը։ Լրտեսին ավելի հետաքրքրում էր տերտերին կանչելու գաղտնիքը, քան թե մելիքի ընծայած խալաթը։

— Հանգիստ նստեցեք, տեր հայր,— ասաց մելիքը, նկատելով, որ քահանան պատժված աշակերտի նման չոքել է գորգի վրա։

Այդ ողորմածությունը ավելի հանգստացրեց տեր հորը. նա այժմ իր դիրքը փոխեց և ծալապատիկ նստեց։ Մելիքը դարձավ նրան այս խոսքերով.

— Ես կանչեցի ձեզ, տեր հայր, մի կարևոր հանձնարարության համար, բայց նախքան դրա վրա խոսելը, ինձ պետք է փոքր-ինչ ծանոթանալ ձեր կրոնական հայացքների հետ. դուք ինչպե՞ս եք հասկանում խոստովանությունը, տեր հայր։

Անակնկալ հարցը կրկին շփոթեցրեց խեղճ քահանային, որը դժբախտաբար գրված բաներից շատ փոքր տեղեկություն ուներ։

— Որդի, ի՞նչ ասեմ...— պատասխանեց նա ծոծրակը քորելով.— խոստովանությունը խոստովանություն է... խոստովանվում են. հետո հաղորդություն են առնում...

— Այդ ես գիտեմ,— ասաց մելիքը,— որ առանց խոստովանության