Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Եu չգիտեմ հիմա որտեղ է Թորոս իշխանը։

— Ես գիտեմ։ Իմ գզիրը ձեզ կտանե ուղիղ նրա մոտ

— Բայց ծերացած քահանային դժվար կլինի ոտքով գնալ, եթե իշխանը հեռու է գտնվում։

— Ես կհրամայեմ պատրաստել ձեզ համար իմ ախոռատան ամենաընտիր ձիաներից մեկը, և ձեր վերադառնալուց հետո, այդ ձին կտանեք, կպահեք ձեր ախոռում, որպես իմ կողմից ընծա։

— Օրհնյալ լինիք, որդի, աստված ձեր իշխանությունը մեր գլխից անպակաս անե,— ասաց քահանան, բոլորովին մոռանալով այն փոքրիկ կասկածներն անգամ, որ իր սրտում ուներ մելիքի անկեղծության մասին։

Հետո մելիքը հրամայեց, որ նախաճաշիկ տան, որպեսզի տերտերը սոված ճանապարհ չգնա։ Նախաճաշիկի ժամանակ մելիքը բարեհաճեց տեր հոր հետ մի քանի հանաքներ անել, երբ նկատեց, որ նա միս չէր ճաշակում, որովհետև թուրքի մորթած էր։ Գզիր Համբարձումն էլ այդ միջոցին, իր տիրոջ ընծայած նոր խալաթը հագած, ուրախ դեմքով կանգնել էր սենյակի դռան առջև և երբեմն խառնվում էր խոսակցության մեջ։ Տիրական սեղանից նրան էլ մի քանի պատառ տվեցին, նա համեստությամբ դուրս եկավ և սկսեց նախասենյակում ուտել։

Նախաճաշիկից հետո տերտերը վեր առեց կնքած խաչն ու Ավետարանը և դրեց իր ծոցի վրա կան պահարանի մեջ։ Իսկ մելիքը ճանապարհ դրեց իր պատգամավորներին մինչև ամրոցի դուռը։ Այդ միջոցին քահանան չնկատեց, որ նա մի կողմ տանելով գզիրին, ինչ֊որ խոսեց նրա ականջին։

Օրից հինգ ժամ հազիվ անցած կլիներ, երբ մելիքի պատգամավորները ճանապարհ ընկան։ Քահանան մի առանձին բավականությամբ առաջ էր քշում իր նոր ստացած ձին։ Ձին թեև պառավ էր, բայց ազնիվ նժույգների հատուկ արժանավորությամբ դեռ պահպանել էր իր աշխույժը։ Նա ավելի թռչում էր, քան թե ընթանում էր։ Գզիրի յաբուն հազիվ կարողանում էր վազ տալով նրա սովորական ընթացքին հետևել։

— Մի քիչ կամաց քշիր, տերտեր,— կանչեց նա քահանայի ետևից,— ինչո՞ւ ես շտապում, որքան էլ հանդարտ գնանք, դարձյալ այսօր կհասնենք։

Տերտերը քաշեց իր ձիու սանձը, մինչև գզիրը հասավ։

— Շատ լավ ձի է,— ասաց նա,— բայց ափսո՛ս մի քիչ պառավ է։