Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որը նույնքան պաշտելի է ինձ համար, որքան ձեզ համար»:

Նամակի ընթերցումից հետո տիրեց խորին լռություն: Զորապետներից յուրաքանչյուրը մտածության մեջ էր: Վերջը Թորոս իշխանը ընդհատեց լռությունը, հարցնելով.

— Ի՞նչ կարծիք ունեք այդ նամակի մասին:

Պատասխանը շուտով չստացվեցավ։ Նամակը այն աստիճան պարզությամբ և միևնույն ժամանակ վարպետությամբ էր գրված, որ դժվար էր իսկույն կարծիք հայտնել։

— Ինչո՞ւ եք լռում,— կրկին հարցրեց Թորոս իշխանը:

— Ես անկեղծություն չեմ գտնում այդ նամակի մեջ,— պատասխանեց իշխան Ստեփաննոս Շահումյանը:

— Ես էլ նույնպես,— ասաց Մելիք֊Փարսադանյան Բալի զորապետը։ Մելիք-Նուբարը ոչինչ չխոսեց:

— Ես ձեր երկուսի հետ ևս համաձայն կլինեի,— ասաց Թորոս իշխանը, նամակը մի կողմ դնելով.— ես ոչինչ նշանակություն չէի տալ մելիք Ֆրանգյուլի երդմանը, ուղարկած խաչին և Ավետարանին, որովհետև նա մի այնպիսի մարդ է, որի համար սուրբ բան չկա: Բայց ինձ հետաքրքրում է մի բան միայն։

— Ի՞նչ բան,— հարցրեց իշխան Շահումյանը։

— Քահանայի պատմությունը խանի մարդիկների հարձակման մասին մելիքի տան վրա, նրա տան մեջ կատարված խուզարկությունները, նրա փախուստը և այլն։ Այդ բոլորը ցույց է տալիս, որ մելիքը ոչ միայն խանի հետ իր կապերը խզած է, այլ իր վրա հրավիրել է և նրա կասկածը։

— Քահանան կարող էր այդ պատմությունը ինքը հնարել,— նկատեց Մելիք-Փարսադանյանը։

— Քահանային ես ճանաչում եմ,— պատասխանեց Թորոս իշխանը նա այնքան միամիտ, պարզ և մինչև անգամ հիմար մարդ է, որ ոչինչ պատմություն փնտրելու շնորհք չունի։ Նա պատմում էր այն, ինչ իր աչքով տեսել է։

— Այդ ավելի վատ է, որ նա հիմար է,— ասաց Մելիք-Փարսադանյանը,— որովհետև հիմարներին խոսքի մեջ բռնել ավելի դժվար է, քան թե խելոքներին։ Հիմարը միշտ հիմարություն է ասում, բայց երբ խելոքը միանգամ միայն հիմարություն է խոսում, իսկույն նկատվում է։

Իշխան Շահումյանը ասաց.