Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես քահանայի անկեղծության մասին կասկած չունեմ. նա այդ պատմությունը ինքը չէ հնարել, այլ խոսում է այն, ինչ որ իր աչքով է տեսել։ Բայց շատ հավանական է, որ այդ բոլորը իրանց մեջ նախապես սարքել են մելիքը և խանը։ Ահա որպես. մելիքը կարող էր սկզբից խանին հայտնած լինել մեզ նամակ գրելու դիտավորության մասին, և նրա բովանդակությունը կարող էր խանին ամբողջապես հաղորդած լինել, և իր նամակի ստուգությանը ավելի հավանականություն ընծայելու համար, կարող էր հենց ինքը խանին սովորեցրած լինել, որ իր տան վրա մարդիկ ուղարկե, խուզարկություններ անել տա, հետո ինքը աշտարակից պարանով քարշ ընկնի, և հենց խանի մարդիկների աչքի առջև փախչե և այլն։— Այդ բոլորը, կրկնում եմ, կարող էին նախապես սարքված լինել։ Եվ ես համոզված եմ, որ այդպես է, ավելի այն պատճառով, որ այդ գործողությունները կատարվում են հենց նույն րոպեում, երբ մելիքի մեզ մոտ ուղարկված պատգմավորները ամրոցից շատ չէին հեռացել, որ կարողանային տեսնել և պատմել մեզ:

— Ձեր նկատողությունները շատ ճիշտ են,— ասաց Թորոս իշխանը,— մելիք Ֆրանգյուլի նման մի մարդ շնորհք ունի դրանից ավելի սատանայական խորամանկություններ գործ դնելու: Բայց իմ կարծիքով, այդ մթին կնճիռը ավելի հեշտ կարող է լուծել մեզ համար Մելիք-Նուբարը, և ես կցանկանայի, որ նա հաղորդե մեզ, արդյոք ի՞նչ եզրակացությունների հասավ իր հետախուզությունների ժամանակ մելիք Ֆրանգյուլի վերաբերությամբ:

Մելիք֊Նուբարը հայտնեց, թե սուտ չէ, որ խանի մարդիկը հանկարծ շրջապատել են նրա ամրոցը, կամեցել են նրան կալանավորել, և նա փախել է։ Իսկ թե այդ խաղը կատարվել է խանի և մելիք Ֆրանգյուլի համաձայնությամբ, այդ մասին փաստեր ձեռք բերել նա չկարողացավ։ Այն ևս սուտ չէ, ասաց նա, որ մելիքը զինվորել է իր հայ գյուղացիներին, բայց թե ի՞նչ նպատակով,— իրանք գյուղացիները չգիտեն։ Այդ գիտեն մելիքի մի քանի մտերիմները միայն, որոնք գաղտնի կերպով պատրաստել են գյուղացիներին։— Այդ մարդերից և ոչ մեկի հետ, ասաց նա, ինձ չհաջողվեցավ տեսնվել, նրանք գյուղից-գյուղ շրջում են ծպտյալ կերպարանքով, ճանաչել անհնարին է։ Հետաքրքրականն այն է, ավելացրեց նա, որ այդ բոլոր զգուշությունները, այդ խորին ծածկապահությունը հայ գյուղացիների զինվորվելու վերաբերությամբ, գործ է դրված, ոչ միայն պատրաստությունները մեզանից թաքցնելու համար, այլ նույնիսկ խանից և նրա մարդիկներից ծածուկ պահելու