Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կերպով մի աղոթք կարդալով, հետո երեքը միասին ձգեց հարթ տախտակի վրա։ Գնդակները պտտվեցան, պտտվեցան և ապա դադար առին։

Դերվիշն արտագրեց մի թղթի կտորի վրա գնդակների այն կողմի թվանշանները, որ դեպի վեր էին նայում։ Հետո սկսեց հաշվել, գումարել և նրանցից հետևանքներ դուրս բերել։ Երբ վերջացրեց իր համարումները, ասաց.

— Դուք հարցրիք` օրը բարի՞ է, թե չար։ Իմ գնդակները մինչև կեսօր չար են ցույց տալիս, իսկ կեսօրից հետո փոքր առ փոքր սկսվում է բարին։

— Հասկացա,— ասաց խանը գոհունակությամբ։ — Հիմա գուշակեցեք, թե կռիվը ինչպե՞ս կվերջանա։

Դերվիշը կրկին ձգեց գնդակները տախտակի վրա, և առաջվա նման համ արումներ անելով, պատասխանեց.

— Մինչև կեսօր հաղթությունը ձեր թշնամու կողմը կլինի, իսկ կեսօրից հետո բախտը կդառնա ձեր կողմը։

— Փա՜ռք լինի ամենակալ աստծուն,— բացականչեց խանը ուրախությամբ.— հաղթությունը դարձյալ ինձանով է վերջանում։

— Բայց ձեր ուրախությունը կարճատև է երևում...—ասաց դերվիշը խորհրդավոր ձայնով:

— Ինչպե՞ս,— հարցրեց խանը գունաթափվելով:

— Ես չեմ կամենում խլել ձեզանից ձեր քաջալերությունը...

— Մի՛ խնայեք, ասացեք, խնդրեմ, ես հեշտ հուսահատվող մարդ չեմ։

— Սպասեցե՛ք, իսկույն կբացատրեմ ձեզ։

Դերվիշը կրկին գնդակները ձգեց տախտակի վրա և տխրությամբ պատասխանեց.

— Իրավ է, այդ կռվի մեջ հաղթությունը ձեզանով կվերջանա։ Բայց...

— Մի թաքցրեք, ասացեք խնդրեմ,— անհամբերությամբ հարցրեց խանը։

— Բայց հետո... մի քանի օրից... գուցե մի քանի շաբաթներից հետո... կկատարվի մի այլ, ավելի սարսափելի կռիվ, որի մեջ դուք կհաղթվեք...

Խանը բավական հանգիստ կերպով պատասխանեց.

— Այդ ոչինչ. մի քանի շաբաթներից հետո թող աշխարհը կործանվի, ինձ համար փույթ չէ, բավական է, որ այսօր ես կռվի դաշտից հաղթող կվերադառնամ: