Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ ավերակներից ավելի ապահով տեղ չկա,— պատասխանեց ներքինապետը:

— Նա իմանո՞ւմ է, որ ես այստեղ սպասում եմ նրան:

— Իմանում է. ես նախապես հայտնել եմ բոլորը:

— Ծանո՞թ է ճանապարհների հետ:

— Դերվիշը կառաջնորդե նրան:

Դրսից լսելի եղան սուլելու ձայներ։

— Գալիս են...— ասաց ներքինապետը և շտապով դուրս եկավ խուցից:

Այդ լուրը այնպիսի մի ուրախություն ազդեց տիկնոջը, որ նա ամբողջ մարմնով ցնցվեցավ։ Այդ ցնցումից զարթնեց Ֆաթիման, որ նրա ծնկների վրա պառկած էր։

— Ես մի լավ երազ տեսա, մայրիկ,— ասաց նա,— կուզե՞ս, պատմեմ:

Մայրը ուշադրություն չդարձրեց նրա երազի վրա և ցնորվածի նման վազեց դեպի խուցի դուռը: Այդ միջոցին մի երիտասարդ գրկեց նրան։

Դերվիշը, ներքինապետը, Ջումշուդն ու Աղասին մնացին խուցի դռանը, ներս չմտան, որ իրանց ներկայությամբ չխանգարեն երկու վաղեմի սիրահարների հոգեզմայլությանը։

— Այդ ո՞վ է, մայրիկ,— հարցրեց Ֆաթիման:

— Քn հայրը, զավակս,— պատասխանեց մայրը:

Իշխանը մի ձեռքով բռնեց տիկնոջ ձեռքից, մյուսով Ֆաթիմայի ձեռքից, և դուրս եկան խուցից: Այդ միջոցին մոտեցան դերվիշն ու ներքինապետը և օրհնեցին նրանց բախտավորությունը։ Նույնը արեցին Ջումշուդն ու Աղասին:

Հեռանալով վանքի ավերակներից, նրանք դիմեցին դեպի անտառը, որի մեջ պահված էր իշխանի ձիավորների խումբը:

Այստեղ իշխանը բռնեց դերվիշի ձեռքը, և հրաժարական ողջույն տալով, ասաց.

— Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, դերվիշ, ես չեմ մոռանա ձեր առաքինությունները:

Ավելի սրտաշարժ էր տիկնոջ հրաժարականը.

— Ես հոր կողմից անբախտ եմ եղել, դերվիշ,— ասաց նա,— իսկ դուք ամբողջ տասն տարի մխիթարել եք ինձ, և ինձ վրա հայրական խնամք եք ունեցել: Թույլ տվեցեք ինձ համբուրել ձեր աջը, և այդ թող լինի իմ խորին երախտագիտության հատուցումը։