Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դերվիշը մեկնեց նրան իր աջը, ասելով.

— Ձեր բախտավորությունը, տիկին, ինձ համար մեծ վարձատրություն է։ Ես այսուհետև ինձ միշտ երջանիկ կհամարեմ, որ կարողացա ձեզ համար մի բարիք գործել:

Ներքինապետը գրկվեցավ դերվիշի հետ և արտասուքը աչքերում ասաց նրան.

— Ցավում եմ, որ գուցե մյուս անգամ չի պիտի կարողանամ տեսնել ձեզ և չի պիտի լսեմ ձեր իմաստուն խոսքերը։ Ես կցանկանայի ձեր ճգնարանին ավելի մոտ լինել: Բայց ձեզ հայտնի է, որ իմ կյանքը նվիրված է իմ սիրելի տիկնոջը։ Նա այժմ հեռանում է այստեղից, իսկ ես նրանից բաժանվել չեմ կարող։

— Գնացեք, տերը թող ձեզ հետ լինի,— ասաց դերվիշը.— բայց ես կմնամ բռնակալի ամրոցի մոտ... կապրեմ նրա քանդած ավերակների մեջ... գուցե մի անգամ ևս դարձյալ հարկավոր կլինեմ գործին...

Նրանք մտան մթին անտառը, ուր սպասում էին ձիաները։ Դերվիշը իր վերջին օրհնությունը տալով, ճանապարհ դրեց նրանց։

Նա երկար կանգնած գիշերային խավարի մեջ, խորին բերկրությամբ նայում էր դեպի այն կողմը, ուր գնաց հարեմի գերությունից ազատված կինը սիրելի տղամարդի հետ։ Երբ ձիաների ոտնաձայնը բոլորովին լռեց, նա կրկին վերադարձավ դեպի «Կարմիր վանքի» ավերակները և մտավ իր ճգնարանը...

_______

Բարգյուշատի Եղվարդ գյուղի եկեղեցու դռան հանդեպ կա մի փոքրիկ գերեզմանատուն։ Այդ գրեզմանատան համարյա թե եզրի վրա այժմ գտնվում է հոյակապ շիրիմ, որ որոշվում է մյուսներից իր մեծությամբ։ Տապանաքարի մեկ երեսի վրա քանդակված է մենամարտության հանդես։ Մի զինակիր, մեկ ձեռքով բաց սուրը բռնած, մյուսով իր տիրոջ ձիու սանձը, կանգնել է։ Փոքր-ինչ հեռու նրա տերը մենամարտում է մի հսկայի հետ։ Տապանաքարի մյուս երեսի վրա արհեստավորի ֆանտազիան ստեղծել է մի այլ խորհրդավոր պատկեր։ Մի աղվես, ամեհի առյուծի գլուխը իր բերանի մեջ առած, աշխատում է կլանել նրան։ — Խորամանկությունը ոչնչացնում է քաջությանը։

Տապանաքարի արձանագրությունը ժամանակից եղծված է: Հարցրեք, այդ ո՞ւմ գերեզմանն է։ Ձեզ կպատասխանեն.