Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ միշտ կանգնած էր լինում նրա սպասին։ Նա առանց կաշառք ես ընդունելու ծերունի ներքինապետից, միշտ պատրաստ էր կատարելու հարեմի այդ հզոր իշխանի կամքը, որից բոլոր ծառայողները դողում էին։

Խառնիճաղանջ բազմությունը վրանի առջևից քաշվեցավ դեպի նրա ետևի կողմերը, նստեցին խոտերի վրա, որ խանի աչքին չընկնեն։ Իսկ վրանի մուտքի աջ և ձախ կողմերը կանգնած մնացին ֆարրաշները, շաթրները և մյուս ծառայողները։

Խոսակցությունը կրկին դարձավ հայերի վրա։

- Ֆարրաշբաշի,- ձայն տվեց խանը,- դուք չգիտե՛ք պատճառը, թե ինչո՞ւ համար այդ հայերը իրանց այրեցին։

Ֆարրաշբաշին մոտեցավ, գլուխ տվեց, և շփոթված տատանվում էր, չգիտեր, թե ինչ պետք էր պատասխանել։ Վերջապես ասաց նա, թե ինձ ոչինչ հայտնի չէ։

- Ես գիտեմ․․․- մեջ մտավ մունշի-բաշին, խանի առաջին քարտուղարը։

Այդ մարդը, որ ամբողջ մարմնով թունավորված էր անդադար ափիոն ուտելով, որի ձեռքերը դողում էին շատ արաղ խմելուց, բայց որպես գրագետ, որպես շատ կարդացած մարդ, համեմատաբար ավելի բարոյական էր, քան թե մյուս բոլոր ծառայողները։ Նա պատկանում էր պարսից մի ծածուկ աղանդի, որ հերքում էր ամեն կրոնքները՝ իբրև վնասակար, իբրև ազգերի եղբայրությունը խափանող և նրանց մեջ թշնամություն սերմանող մի վարդապետություն։ Նա բացատրեց խանին, թե հայերի հուսահատական ինքնասպանությունը առաջ է եկել հարկերի չափազանց ծանրությունից, թե նրանք վճարում էին երեքպատիկ, չորեքպատիկ ավելի, քան թե պարտավոր էին․ թե նրանց ինչքը, ստացվածքը և մինչև անգամ զավակները վաճառվում էին տուրքերի փոխարեն։-Իհարկե, այդ բոլորից հետո,-ավելացրեց նա,-նրանց ոչինչ չէր մնում, բայց միայն մեռնել․․․

Այդ միջոցին մելիք Դավիթի դեմքը գունաթափվել, դալկացել, մեռելի գույն էր ստացել։ Նրա աչքերում վառվում էր մի տեսակ գազանային կատաղություն, նկատելով, թե դեռևս կան աշխարհում անմիտ մարդիկ, որոնք բողոքում են չարության դեմ։ նա զսպեց իրան, ոչինչ չպատասխանեց, սպասելով, թե խանը ինչ կասե։

— Հաշիվներ կա՞ն ձեզ մոտ,- հարցրեցխանը։

— Ինչպես չէ,-պատասխանեց քարտուղարը և դուրս բերեց