Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ... — ասաց նա փիլիսոփայական զվարճախոսությամբ,— աշխարհի մեջ շատ չար ու բարի եմ տեսնում... կան մարդիկ, որ ամեն հնարներ գործ են դնում, իրանց կյանքը երկարացնելու համար, որ ավելի շատ վայելեն աշխարհի հեշտությունները... կան և այնպիսի մարդիկ, որոնք կամավ կարճացնում են իրանց կյանքը և մահվան մեջ են որոնում հանգստությունը...

Թե՛ խանը և թե՛ իմամը առաջուց սովոր էին քարտուղարի տարապայման խոսակցությանը, այս պատճառով չբարկացան նրա բացարձակ ակնարկությունների վրա։ Դերվիշները առհասարակ հարգանք ունեն պարսիկների մոտ, չնայելով, որ նրանց հայացքները և սովորությունները շատ անգամ հակառակ են լինում ընդունված նախապաշարմունքներին։ Միրզա֊Ջաֆարը նույնպես դերվիշ էր։ Իր վերջին խոսքերով նա ակնարկում էր խեղճ հայերին, որ մի քանի րոպե առաջ այրվեցան հրապարակի վրա։ Իմամը հասկանալով այդ, պատասխանեց նրան.

— Նրանք առանց այդ էլ պիտի այրվեին դժոխքի կրակների մեջ. լավ է, որ այս աշխարհում փորձեցին նախապատրաստվել գեհենի կրակների համար։

Քարտուղարը կամենում էր պատասխանել իմամին, բայց խանը նրան աչքով արեց, որ լռե։ Մելիք Դավիթը, որ բոլոր ժամանակը լուռ լսում էր, մտածեց օգուտ քաղել իմամի ներկայությունից և իր հաշիվը վերջացնել քարտուղարի հետ։ Բայց առիթ չէր գտնում։ Առիթը տվեց ինքը իմամը, որը գոհ մնալով իր սուր պատասխանով հայերի վերաբերությամբ, դարձավ դեպի մելիք Դավիթը, հարցնելով.

— Այսպես չէ՞, Բաղր բեկ։

— Իրավ, այդպես է, տեր,— ասաց «ուրացողը» — բոլոր հայերը դժոխքի կրակի մեջ պիտի այրվին։ Աստուծո դրախտը միայն Մուհամմեդի ուղղափառների համար է։ Մի քանի րոպե առաջ պարոն քարտուղարը ինձ մեղադրում էր, իբր թե ես եմ եղել գլխավոր պատճառը, որ այդ հիմար հայերը իրանց անձերը կրակին մատնեցին։ Իբր թե ես նրանցից ծանր հարկեր եմ առել և նրանց զավակները վաճառել եմ։ Խոստովանվում եմ, որ այդ երկուսն էլ արել եմ ես ավելի հարգանք ընդունելու համար, քան թե նախատինք։ Հարկերը ծանրացնելով, ես ծառայություն եմ արել խանի գանձարանին, իսկ «գավուրների» զավակները մահմեդականներին վաճառելով, ես աշխատել եմ բազմացնել մեծ մարգարեի հավատացյալների թիվը: — Դրանք են իմ արածները, եթե