Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ստորին եզերքը չորս մատի լայնությամբ զարդարած մարգարիտներով և գոհարներով։ Թիկնոցը կարված էր մանիշակագույն թավիշից, նույնպես ոսկե թելերով նախշած և եզերքը մարգարիտներով զարդարած։ Խոշոր մարջաններով շարած մի թանկագին մանյակ քարշ էր ընկած պարանոցից կիսամերկ կուրծքի վրա։ Ամբողջ մարմինը բուրում էր անուշահոտության մեջ։ Անհանգիստ, անվճռական դրության մեջ կանգնած էր նա գաղտնարանում, տարուբերվում էր մտածությունների մեջ, թե ի՛նչպես պետք էր հանդիպել խանին, ինչ կերպով սկսել իր խոսքը։ Արդյոք իր վարմունքը կասկածելի չէ՞ր անի նրան խանի աչքում, և չէ՞ր մերկացնի նրա համակրությունը դեպի հայերը և քրիստոնյաները, որ այնքան տարի ամենայն զգուշությամբ ծածկած էր։ Ինչպե՞ս բարեխոսել գերիների ազատության համար, ինչպե՞ս ասել, թե այն բոլորը սուտ է, ինչ որ հայտնեցին երկու մելիքները երևակայական գանձի մասին։ Ախար նրանցից մեկը իր հայրն էր․ ինչպե՞ս ցույց տալ նրա խաբեությունը։ Արդյոք կհավատա՞ր խանը,— այդ դարձյալ մի հարց էր։

Հարեմի ինտրիգաների մեջ սովորել էր նա փոքր-ինչ խորամանկ լինել։ Մտածում էր իր միջնորդությանը մի գերբնական գաղտնի ազդեցությունից ներշնչված, խորհրդավոր ձև տալ։ Դրա համար բավական էր հնարել մի երազ, ասեք՝ թե երազումս այս տեսա, այն տեսա և այս բոլոր տեսիլների ազդարարության համեմատ․ պետք է ազատել գերիներին, եթե ոչ հետևանքը վատ կլինի, որովհետև աստված մեծ պատիժ է սպառնում։ Բայց ինչու այդ բոլորը նոր էր մտածում նա, ինչու սկզբից խորհած, նախապատրաստված չդիմեց նա գործին։ Նա շտապեց։ Հենց որ ծերունի ներքինապետը հաղորդեց նրան, թե ինչ թակարդ լարեցին երկու մելիքները, հենց որ լսեց նա փողի առաջին ձայնը, որ ազդարարում էր Թորոս իշխանի գալը, նա աճապարեց խանի մոտ, հազիվ ժամանակ գտնելով հագնվելու։ Այժմ միանգամից հասկացավ նա իր կատարած դերի վտանգավոր կողմերը։ Մի՞թե խանի կասկածը չէր գրգռի նա, երբ կիմանար, թե իր կինը լրտեսում է նրա խոսակցությունները, թե Ահմեդի ձեռքով կաշառում է սպասավորներին, թե․․․ վերջապես շատ բաներ կարող էր գիտենալ նա, այնուհետև ինքը կորած էր։

Ահա այդ մտատանջությունների մեջ գտավ նրան խանը, որ ավելի բարկացած, քան թե զարմացած իր ամուսնի անակնկալ այցելության վրա, ներս մտավ գաղտնարանը։ Հարեմի մեջ փակված