Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իմ իշխանը հիշո՞ւմ է, որ մի պարտք ունի ինձ վճարելու։

— Ի՞նչ պարտք,— հարցրեք նա զարմանալով։

Սյուրին հիշեցրեց նրան հին խոստմունքը։

— Այդ ես չեմ մոռացել,— ասաց խանը ժպտելով,— ես մեղավոր չեմ, որ քո առջև վատ պարտական գտնվեցա, դու առհասարակ անհոգ ես քո ապառիկների վերաբերությամբ։— Հիմա խնդրիր, ինչ որ կամենում ես, ես իմ խոստմունքը պատրաստ եմ կատարելու։

— Ես քեզանից մեծ բան չեմ խնդրելու,— պատասխանեց Սյուրին, տակավին անշարժ մնալով իր շոքած դրության մեջ․— ևս եկա խնդրելու, որ ազատես հայ գերիներին և Թորոս իշխանին ձեռնունայն հետ չդարձնես։

— Ա՜․․․ այդ շատ մեծ բան է քո խնդրածը...— պատասխանեց խանը զարմացական բացականչությամբ, և նրա փոքր-ինչ մեղմացած դեմքը կրկին մռայլվեցավ սովորական խստությամբ։— Դու կամենում ես ինձ կորցնել տալ մելիք Վարթանեսի ամբողջ գանձը։

— Ի՞նչ գանձ։

Խանը սկսեց պատմել նրան բոլորը, ինչ որ լսել էր նրա հորից և մելիք Ֆրանդյուլից առասպելական գանձի մասին, ավելացնելով, թե մեծ հիմարություն կլիներ իր կողմից մի այսպիսի ահագին կողոպուտը ձեռքից բաց թողնել, մանավանդ որ ինքը փողի շատ հարկավորություն ունի։

Սյուրին պատասխանեց, թե ինքը երբեք հանձն չէր առնի ձանձրացնել իր «իշխանին» անտեղի խնդիրքով և երբեք չէր ցանկանա ղրկել նրան իր շահերից, եթե գիտենար, որ այդ երևակայական գանձը գոյություն ունի։ Բայց նա այդ բոլորը զրպարտություն է համարում, թեև հաղորդողներից մեկը իր հայրն է։

— Ուրեմն ի՞նչ նպատակ ունեին նրանք խաբելու ինձ,— հարցրեց խանը խորին վրդովմունքով։

— Նպատակ ունեն․․․— պատասխանեց Սյուրին զգալի խռովությամբ,— և նրանց նպատակը ինձ լավ հայտնի է, բայց այժմ անհարմար եմ համարում հաղորղել ձեզ, հուսալով, որ իմ իշխանը կհավատա, որ իր աղախինը սուտ խոսող չէ։

Այս խոսքերը արտասանեց նա այնպիսի մի զգացմունքով, որ ազդեց խանի քարացած սրտի վրա, և նա բռնելով իր առջև չոքած գեղեցիկ կնոջ թևքից, կրկին նստեցրեց իր մոտ, ասելով․

— Ես կկատարեմ քո խնդիրքը։