Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ժամանակ կտրել է տվել նրա ծամերը, երևի այս առիթով դիմել է նա խանին, հայտնելու իր գանգատը:

Թեև մելիք Դավիթի բացատրությունները հեռու չէին հավանականությունից, այսուամենայնիվ, մելիք Ֆրանգյուլի սրտում մնաց մի խուլ կասկած դստեր և հոր հարաբերությունների մասին, մանավանդ, երբ նա մտաբերեց, որ առավոտյան Սյուրին մերժել էր հոր այցելությունը, պատճառ բռնելով իր տկարությունը։ Հարազատ հորից ավելի ո՞ւմ կարող էր ընդունել հիվանդ աղջիկը, որ մահմեդականների մեջ ոչ մի ազգական, ոչ մի բարեկամ չուներ։ Եվ ի՞նչ հրաշքով այդ հիվանդը այնպես շուտ առողջացավ, որ շտապեց բողոքել իր ծամերի կտրվելու մասին։ Այդ բոլորը մելիք Ֆրանգյուլին թվում էին անլուծելի հանելուկներ։

Բայց մելիք Դավիթի համար ամեն ինչ պարզ էր, թեև նա աշխատում էր խորամանկությամբ ծածկել։ Նրան հայտնի էր իր դստեր սերը Գենվազի Շահումյան իշխանների վերջին ժառանգի՝ Ստեփաննոսի հետ, որ այժմ գերիների թվումն էր գտնվում, որին սպանել տալու ամեն միջոցները անցան ապարդյուն... Նա գիտեր, որ Սյուրին այնքան խելք ու այնքան համարձակություն ուներ, որ կարող էր ցրել խանի հրապուրանքը Ստեփաննոսի հոր մելիք Վարթանեսի առասպելական գանձի մասին։ Եվ վերջապես, նա բոլորովին բնական էր համարում, որ Սյուրին կաշխատեր հաջողեցնել գերիների ազատությունը, որպեսզի նրանց թվում ազատված լինի և իր սիրելին։— Այդ բոլորը ոչնչացնելու, այդ բոլորը խափանելու համար, և Թորոս իշխանին ձեռնունայն, ամոթալի վերադարձնելու համար՝ բավական էր մի խոսք ասել խանին,— բավական էր հայտնել նրան, թե իր պաշտելի Սյուրին խաբում է, դավաճանում է նրան, թե նա սիրում է այն գերիներից մեկին, որոնց ազատության համար բարեխոսություն է անում, թե նա վաղուց իր սիրտը տված էր այդ պատանուն, որ կարող է մի ժամանակ ոչ միայն խլել նրա հարեմի կնիկներից ամենագեղեցկին, այլ տիրանալ և այն գավառին, որ պատկանում էր նրա հորը, որը նվաճելու համար խանը գործ դրեց այնքան շատ զոհողություններ։ Այդ բոլորը անագորույն հայրը պատրաստ էր հայտնել խանին։ Նա պատրաստ էր մատնել հարազատ աղջկան։ Բայց ի՞նչ կլիներ դրա հետևանքը։— Հետևանքը, որպես պարզ հայելու մեջ, տեսնում էր նենգավորը. խանը, արդարև, գերիներին դարձյալ կպահեր իրանց շղթաների մեջ և Թորոս իշխանին դատարկ ճանապարհ կդներ: