Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Մանկահասակ իշխանազնը, շրջապատված իր հոր վաղեմի ծառաներով, սկսեց հանդիսավոր կերպով դիմել դեպի խանի վրանը: Նա անցավ կանանոցի չադրների մոտից։ Այդ միջոցին չէր կարելի չնկատել, որ կանանոցի սարայփերդևից մի գեղեցիկ կանացի գլուխ կիսով չափ վեր բարձրացավ, և երկու խոշոր, սևորակ աչքեր սկսեցին նայել նրա վրա: Մանկահասակ իշխանազնը շուռ եկավ դեպի այն կողմը և երկուսի աչքերը հանդիպեցին միմյանց։ Այդ լուռ, խորհրդավոր հայացքի մեջ նրանք այնքան շատ բան ասեցին միմյանց և այնքան ազդու կերպով արտահայտեցին իրանց սրտերի զգացմունքները, ինչ որ անկարող էր կատարել պերճախոս լեզուն։ Մնացած գերիները տարվեցան Թորոսի ձիավորների մոտ։

Խանը այնպես ուրախությամբ հանդիպեց Ստեփաննոսին, կարծես մի ցանկալի հյուր էր ընդունում, կարծես նրա հետ նոր էր ծանոթանում, և բնավ չգիտեր, թե նա իր բանտումն էր գտնվում։ Շահումյանների տունը քանդողը, նրանց երկիրը բռնությամբ գրավողը և Ստեփաննոսի հորը ու նրանց ամբողջ ազգատոհմը սրից անցկացնող գազանը, մի առանձին քաղցրությամբ դարձավ դեպի պատանին, հարցնելով.

— Լա՞վ եք, ո՞ղջ եք, առո՞ղջ եք, ինչպե՞ս է ձեր քեֆը, բարով եկաք, հազար բարով,— և հրավիրեց նրան նստել իր մոտ։

Հպարտ պատանին, որին ավելի էին ցավեցնում այդ շողոքորթությունները, քան իր մի քանի րոպե առաջ կրած շղթաները, սառնությամբ գլուխ տվեց խանին, հայտնելով իր շնորհակալությունը նրա ուշադրության համար, և մոտեցավ Թորոս իշխանին, գրկվեցավ նրա հետ։ Իշխանի ուրախությանը չափ չկար։ Այդ վեհ, մեծասիրտ մարդը չկարողացավ զսպել իր արտասուքը, երբ տեսավ, իր քրոջ որդուն, որը կարծես ոգիների աշխարհիցն էր վերադարձել, որին մյուս անգամ տեսնելու ամենևին հույս չուներ։ Պատանու մռայլոտ աչքերում նույնպես երևացին արտասուքներ։ Այդ անսահման հոգեկան վրդովմունքի մեջ, նրանք ոչինչ միմյանց ասել չկարողացան։ Խանի վրա ազդեց նրանց սրտաշարժ դրությունը և խնդրեց նրանց նստել, ասելով.

— Հանգստացեք, ամեն բան լավ կլինի... ամեն բան կմոռացվի... չարժե այսքան տխրել անցավոր աշխարհի համար...

Բռնակալի խոսքերի մեջ կար և կարեկցություն և դառն հեգնություն։ Նա խրատում էր չտխրել անցավոր աշխարհի համար, որ միայն հայ մարդու վերաբերությամբ սև էր. նա խրատում էր մոռանալ սպանված հորը, սպանված մորը և որից անցած ամբողջ