Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ճանապարհ դնել, նա իր խոսքը հետ առեր։ Իշխանը և պատանին հանգստացան, կրկին նստեցին իրանց տեղերը։

Խանը սովորություն չուներ իր կանանոցում ճաշելու. կանանց հասարակությունը կարող էր ստորացնել նրա արժանավորությունները: Բացի դրանից, նրա կարծիքով, կանանց հետ պետք չէր շատ մտերիմ լինել, պետք չէր շատ ընտանեբար վարվել, այդ կարող էր նրանց ավելի համարձակություն տալ, կարող էր, ինչպես ասում են՝ նրանց «երեսը բաց» անել, լրբացնել։ Կնիկներին պետք էր միշտ երկյուղի և սարսափի տակ պահեր: Իսկ նրանց հետ ճաշելը գլխավոր պատճառներից մեկն էր մտերմական հարաբերությունների, որը շատ ցանկալի բան չէր: Եվ ո՞ր մեկի մոտ կարելի էր ճաշել։ Նրանք թիվ և համար չունեին։ Մեկի մոտ հյուր լինելիս, մյուսը անպատճառ կամ կվիրավորվեր կամ կնախանձվեր և կամ մի ուրիշ ղալմաղալ կսարքեր։ Կնիկները ընդհանուր սեղանատուն չունեին։ Այլ յուրաքանչյուրը իր առանձին խոհանոցն ուներ։ Այս պատճառով խանը, հետևելով բոլոր մեծ մարդերի սովորությանը, միշտ իր վրանումն էր ճաշում և միշտ ուներ իր մոտ հյուրեր իր ցեղի նշանավոր պետերից։ Հացը, առատաձեռնությունը գլխավոր պայմանն էր այդ գիշակերներին իր հետ կապելու։ Բայց այս անգամ ոչ ոք չէր կանչված, որովհետև այնտեղ կային քրիստոնյա հյուրեր, որոնց հետ սեղանակից լինելը կարող էր պղծել մահմեդականներին։ Չէր կանչված և ցեղի շեյխը, հոգևոր գլուխը, որը խանի սեղանի անպակաս հացկատակն էր։ Այնտեղ կային, բացի իշխանից և պատանի Ստեփաննոսից, գլխավոր քարտուղարը (մունշի-բաշին) և բժիշկ-դերվիշը, որին խանի խնդրելով շեյխը ուղարկել էր նրա մոտ, որ հրաշալի մաջունի մասին տեղեկություն ստանա։ Այդ տարօրինակ մարդը իր օտարոտի կերպարանքով իր վրա էր դարձնում բոլորի ուշադրությունը։ Հունական հին մերկի-մաստակների պես, նրա ամբողջ հագուստը բաղկանում էր մի կտորից միայն, դա հասարակ կտավից կարված մի սպիտակ շապիկ էր, հայոց ժամի շապիկների նման, որ իջնում էր մինչև կրունկները։ Բացի դրանից ուներ մի վագրի մորթի, որ նստելու ժամանակ իր տակն էր ձգում որպես օթոց, իսկ ման գալու ժամանակ ձգում էր ուսերի վրա որպես թիկնոց։ Գլխարկ չուներ, նրա տեղը բռնել էին գլխի խիտ, խճճված մազերը, որոնք երբեք մկրատի և սանրի երես չտեսնելով, թաղիքի ձև էին ստացել։ Մորուքը նույնպես սանրված չէր։ Երևում էր այդ դերվիշը պատկանում էր ֆագիրների այն դասակարգին, որոնք ճգնության և իրանց անձը