Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին մտածում էր։ Նա վեր առեց Վահանի ձին, այսինքն միմյանց վրա դրած երկու բարձերը, մեկը նետեց դահլիճի մի կողմը, մյուսը նետեց մյուս կողմը։ Վեր առեց նրա տրորած փունջը, քրքրեց, տերևթափ արեց, և նույնպես ցրիվ տվեց գորգերի վրա։ Այդ գործողություններից հետո, նա կրկին մոտեցավ առանձնարանի դռանը, ականջը տարավ դեպի փականքը։

Այժմ ավելի կամաց էին խոսում։ Խեղճ օրիորդը ամբողջ մարմնով լսելիք էր դարձել, բայց ոչինչ չէր լսում։ Նրա սիրտը բաբախում էր հետաքրքրությունից և արյան ջերմությունը այրում էր թշերը։ Բավական էր նրան գիտենալ, թե ում հետ էր խոսում յուր տիկինը. այդ շատ բան կպարզեր։ Դռան փեղկը ներքևի կողմից բոլորովին սերտ կերպով չէր կցված շրջանակի հետ, մնացել էր մի նեղ բացվածք։ Նա կռացավ, սկսեց այդ բացվածքից նայել։ Ոչինչ չէր երևում։ Մի քանի րոպեից հետո լսելի եղավ հազալու անընդհատ ձայն, որ հետզհետե սաստկանալով և ապա աստիճանաբար նվազելով, վերջը հեղձուցիչ խռխռոցի փոխվեցավ։ Օրիորդը ցնցվեցավ։ Այդ ակամա հազը ծանոթ էր նրան, ծանոթ էր և ամբողջ ամրոցին։ Նա դուրս էր վիժում խորտակված կուրծքից և փտած թոքերից։ Այժմ գիտեր օրիորդը, թե ով էր տիկնոջ խոսակիցը։ «Մի բան կա»... մտածեց նա և լարեց յուր բոլոր ուշադրությունը։

Հանկարծ գունաթափվեցավ նա, որպես գունաթափվում է մի մարդ, երբ կայծակը շանթում է մերձակայքում և լսելի է լինում որոտման ահեղ դղրդյունը։ Բայց նրա լսածը երկու քառեր էին միայն. մեկը Մուշեղի անունը, մյուսը՝ մի այլ սոսկալի բառ...

Առանձնարանում տիրեց խորին լռություն։ Այժմ առաջվա շշնջյունն անգամ չէր լսվում։ Երևում էր, որ տիկնոջ խոսակիցը, վերջին պատվերը ստանալուց հետո, դուրս գնաց մյուս դռնից, որ բացվում էր դեպի կանանոցի փոքրիկ բակը։

Օրիորդը հեռացավ յուր դարանից, մտածելով, որ տիկինը կարող էր հանկարծ դուրս դալ և այնտեղ տեսնել իրան։ Նա մոտեցավ դահլիճի դռանը, որ ինքը կողպել էր, բաց արեց, հետո սկսեց գորգերի վրա սփռված տերևները և ծաղիկների թերթիկները հավաքել։ Բարձերը դեռ ընկած էին իրանց տեղում։ Բավական գործ կար, որ եթե տիկինը դուրս գալու լիներ, նրան զբաղված տեսներ։ Բայց նա ուշացավ։ Երևում էր, որ դեռ երկար տանջվում էր նա այն անգութ պատվերի մասին, որ տվեց յուր հավատարիմ ծառային... Մի քանի անգամ հավաքեց օրիորդը